Հակառակ դեպքում այդ ցանկը կբաժանվեր բազմաթիվ մասերի և ընթերցողը խիստ կդժվարանար իր ցանկացած բանաստեղծությունը գտնել (չէ՞որ ընթերցողը միշտ չէ, որ կարող է հիշել, թե այս կամ այն բանաստեղծությունը ո՞ր շարքում է, որ այդ շարքի այբբենական ցանկում որոնի)։
ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈԻՐՋՆԵՐ
Երգաշարի այս խորագիրը միաժամանակ Տերյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուի վերնագիրն է (Վահան Տերյան, Մթնշաղի անուրջներ, Թիֆլիս, 1908)։ Այդ ժողովածուով Տերյանը միանգամից հայտնի ու սիրված բանաստեղծի հռչակ ստացավ։ «Մեր գրականության պատմությունը,— վկայում է սովետահայ արձակի ականավոր վարպետ Ստ. Զորյանը,— չի տեսել, երևի, բանաստեղծական երկի այնպիսի սրտագին ընդունելության, որին արժանացավ Տերյանի «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն»։ («Հուշերի գիրք, Երևան, 1958, էջ 186)։ Այնուհետև «Մթնշաղի անուրջներ»-ը մտել է բանաստեղծի երկերի ժողովածուները։ Երկրորդ անգամ առանձին հրատարակվել է 1939-ին, Բեյրութում։ Ժողովածուն տպագրության պատրաստելիս Տերյանը ընտրություն է կատարել՝ ինչպես ձեռագիր, այնպես էլ պարբերականներում լույս տեսած բանաստեղծությունների մի զգալի մասը չի մուծել «Մթնշաղի անուրջներ»։ 1912 թվականին,վաղուց ճանաչված ու սիրված բանաստեղծ, կազմելով իր «Բանաստեղծություններ»֊ի 1-ին հատորը, նա նորից խստապահանջությամբ ընտրություն է կատարել՝ «Մթնշաղի անուրջներ»-ի (ինչպես և պարբերականներում 1908—1912 թթ․ տպագրված բանաստեղծությունների) մի մասը չի մուծել այդ ժողովածուն։ Տերյանը բացատրում է ժողովածուն կազմելու իր ընտրած սկզբունքները. «Այս գրքում ժողովված բանաստեղծությունները մասամբ տպագրված են եղել զանազան ժամանակ այլ և այլ պարբերականներում, մասամբ լույս են տեսնում առաջին անգամ։ Ներկա հատորը կազմելիս ավելորդ չհամարեցի «Մթնշաղի անուրջներ» վերնագրի տակ հրատարակված գրքույկը մտցնել այստեղ՝ աչքի առաջ ունենալով այն հանգամանքը, որ այդ գիրքը արդեն սպառված է և, որ գլխավորն է, այն ներքին սերտ կապակցությունը, որով միացած են «Մթնշաղի անուրջներ»-ը այս գրքում ամփոփված հետագա գրվածների հետ,— մի հանգամանք, որ անշուշտ չի վրիպելու ուշադիր ընթերցողի աչքից»։ Սակայն արտատպելով «Մթնշաղի անուրջներ»-ը, նա ա) Դուրս է թողել այդ շարքի «մի քանի էջերը», որոնք ոչ մի կերպ չեն բավարարել նրա «պահանջները և գեղարվեստական ըմբռնումը»։ բ) Հրաժարվել է այն բանաստեղծություններից, որոնք «սերտ կապ» չեն ունեցել մյուս բանաստեղծությունների հետ և օրգանապես չեն մտել գրքի «ամբողջական հյուսվածքի» մեջ։ գ) Ավելացրել է «մի շարք նոր էջեր», որ «այլ և այլ պատճառներով չէին մտել նախկին հրատարակության մեջ»։ դ) Մտցրել է «մի քանի աննշան ուղղումներ», որոնք, սակայն, «ոչ մի էական փոփոխության չեն ենթարկել» մինչև այդ տպագրված բանաստեղծությունները։