Սիրտըս ցավում է անցած գնացած
Օրերիս համար.
— Մեկը շշուկով պատմում է կամաց,
Մեկը իմ հոգին տանջում է համառ:
Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ,
Մի թովիչ երազ.
— Մեկը իմ սիրտը փշրելով անցավ
Ու հեգնությունով նայում է վրաս:
Սակայն չեմ կարող ես նրան ատել —
Սիրում եմ նրան.
— Իմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,
Գուրգուրում է ինձ մի լույս-հանգրվան...
Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.
Օ, քաղցր արբանք:
— Օրհնված եք դուք, սեր, ցնորք ու ցավ,
Օրհնված եք դուք, երկիր, երգ ու կյանք...