Շուտով կըլռե աղմուկը դաժան,
Ու սիրտըս կըզգա քայլերդ փափուկ.
Դու նորից կիջնես, նուրբ իրիկնաժամ,
Քո խաղաղ մութով գգվող-խուսափուկ։
Տխուր թևերրդ անձայն կըփռես,
Կըգրկես հողը կանացի նազով,
Երկնքում անուրջ աստղեր կըվառես,
Կըլցնես հոգիս անուշ երազով։
Ցուրտ ցերեկներից հավիտյան դժգոհ՝
Սիրտս կարոտ է քո գգվանքներին.
Դու ինձ չես խաբում, քնքուշ երեկո,
Անուշ երեկո, մեղմ ու մտերիմ...
Կընստեմ անվերջ, կընստեմ մենակ.
Դու կըփարվես ինձ թևերով ճկուն,
Քնքուշ կըգգվես հույս ու հիշատակ,
Կըպարզես մեղմիկ ցոլքըդ իմ հոգուն: