Դու անհոգ նայեցիր իմ վրա
Ու անցար քո խաղով կանանցի.
Ես քեզնից դառնացած հեռացա,
Ես քեզնից հեռացա ու լացի...
Իմ հոգին ծովերում անծանոթ
Մենավոր ու մոլոր մի նավակ,
Մատնեցի փոթորկին աղմկոտ,
Հուսաբեկ, թողած ղեկ ու թիակ...
Ինձ հեռվից լույս փարոս չի կանչում,
Չի ժպտում ինձ խաղաղ հանգրվան.
Միայն հողմն է տխուր շառաչում,
Անթափանց մեգ-մշուշ է միայն...