Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/5

Այս էջը հաստատված է

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

«Հոբելյանական տոներին,— ասել է Հ. Թումանյանը,— ամեն մի ժողովուրդ՝ հանձին հոբելյարի, գալիս է հարգելու, պսակելու ինքն իրեն, իր շնորհքը իր մտավոր-հոգեկան ուժերը, ուժեր, որ ընդունակ լինեին ներշնչելու ոչ միայն ազգի ընդհանրությանը, այլև օտարին»։

Թումանյանի այս խոսքը մի քանի տարի առաջ հիշեցին Տերյանին նվիրված հոբելյանական հանդիսություններին։ Այդ «հիշելը» իր ուժի մեջ է մնում նաև սովորական, «լի օրերին»։ Դժվար չէ դրա պատճառը գտնել. Տերյանը մեկն է մեր մշակույթի ամենից նրբորեն սիրված այն երախտավորներից, որի խոսքն ու գործը ոչ միայն խորին պատկառանք են ներշնչում «ազգի ընդհանրությանը», այլև մեզ իրավունք են տալիս բացճակատ ներկայանալ քաղաքակիրթ աշխարհին՝ սնելով ազգային օրինական հպարտության ու սեփական ժողովրդի նկատմամբ խորին հարգանքի ազնիվ զգացումներ։

Մարդու հոգեկան աշխարհի անսահման գեղեցկության, նրա խոհերի ու զգացմունքների անսպառ հարստության իր բացառիկ բարձրարվեստ երգերով Տերյանը ոչ միայն մեր գրականության ամենամեծ, ամենապայծառ ու ամենաինքնատիպ դեմքերից է, այլև ամենից նվիրական, ամենից հարազատ և ամենից ջերմորեն սիրված պոետներից։ Նրա պոեզիան ոչ միայն պատկառանք ու հիացում է պատճառում, այլև հարազատ, մտերիմ ու ջերմ զգացումներ առաջացնում։ Տերյանի բանաստեղծությունները ձեռք ես վերցնում ոչ թե պատգամներ ու խրատներ քաղելու, այլ մարդկային մտերիմ ու նվիրական զգացմունքներ վերապրելու, հարազատի հետ հաղորդակցվելու։ Ասում են բնության մեջ կան բաներ, որոնց մասին մեղք է նվաստ արձակով խոսելը։ Իսկապես․ ինչպե՞ս մեկնաբանել Տերյանին, որը ընթերցողի հետ անմիջական կապի մեջ է մտնում, վարակում, տրամադրում և կարծեք գրականագետ–թարգմանչի դերը ավելորդ դարձնում։

1917-ի հունվարին Տերյանը, արդեն մեծ ու սիրված բանաստեղծ, եղել է Երևանում, դասախոսություն է կարդացել «Հայոց նոր շրջանի բանաստեղծության ոճի և լեզվի զարգացման մասին» ու մոտալուտ մահվան զգացումը սրտում արտասանել է իր կախարդական «Հրաժեշտի գազել»–ը․