Կրկին իմ հոգում
Իջավ մշուշոտ, արցունք անձրևող
Տրտում իրիկուն.
Իմ սրտում անցավ
Մահացող ծաղկանց բույրը ցավ բերող,
Համբույրը խոնավ.
Կրկին պաղ միգում
Ամպոտ երկինքը մեռած լույսերի
Թաղումն է սգում:
Հողմը սրարշավ
Հոգուս դալկացած ծաղիկ հույսերի
Թերթերը տարավ...
Անջատման ցավոտ
Ձայներ դողացին ու հեզ դալկացան
Հեռվում անծանոթ.
Կըրակներն անձայն
Լացող ամպերի միգում անսահման
Թոշնեցի՜ն, անցա՜ն...
Անձրևն անընդհատ
Մաղում է վհատ թաղումի կոծով,—
Տխո՛ւր-հուսահա՜տ...
Իմ հոգու մեջ է՛լ
Աշուն է իջել անամոք լացով,
Իմ հոգու մեջ է՛լ...