Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/75

Այս էջը հաստատված է

51

* * *

Հեռավոր, անել լեռնագագաթներ,
Պայծառ արևի գահեր հիասքանչ,
Սիրտըս մեռնում է, լեռնագագաթներ,
Ներքևում նիրհող դաշտերում կանաչ։
Իմ երազները ձեր գիրկն են թռչում —
Բա՜րձր, դեպի վե՜ր, արեգակին մոտ,
Ուր խենթ բոցերի խուրձեր դողդոջուն
Լուռ դալկանում են երկնում անաղոտ։
Հեռո՜ւ, о հեռո՜ւ այս ունայնաշունչ
Տխուր դաշտերից, հանդարտ ու անկյանք.—
Գրկի՛ր ինձ անել գագաթների շունչ,
Սիրտըս բորբոքիր, բարձրության բերկրանք։
Թող իմ աչքերը լույսից կուրանան,
Թող սիրտըս լցվի արևի բոցով.
— Օ, երջանկություն անել բարձրության,
— Լուսեղեն երկնի անեզրական ծով...

1907-1908