Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս և տխուր և անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքուր, առաջին իմ անուրջ...
Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պատկերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։
Եվ տանջանք, և բեկում, և թախիծ —
Սև օրեր ես դեռ շատ կտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ...