Հեռու ես անհաս, իմ լուսե երազ,
Բայց քեզ է սիրտըս փայփայում թաքուն,
Փռված է լույսըդ շուրջըս և վրաս,
Անհուն աշխարհում և իմ հեզ հոգում։
Քո հեռու երկրի ուղին չըգիտեմ.—
Գուցե ես ինքըս ստեղծել եմ քեզ,
Աստվածացրել եմ, որ քեզ աղոթեմ,
Հրամայել եմ, որ վրաս իշխես։
Եվ քաղցր է լինել քո կամքի գերին,
Քո չարությունը բարիք համարել.—
Կրծքաբաց ելնել ընդդեմ քո սրին
Եվ այդ մահաբեր ձեռքը համբուրել...