Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/110

Այս էջը հաստատված է

Նամակ

Դուք մոռացել եք այն «հանաքները»
Եվ համբույրներն այն, և սերն ամեն.
Իսկ իմ սրտից այդ հիշատակները
Որքա՜ն արցունք դեռ պիտի քամեն…
Ձեզ համար սերը «հաց ու պանիր է»,
Այսօր այստեղ եք — էգուց այնտեղ,
Իսկ ես պահում եմ Ձեր սուվենիրը,
Որպես ծաղիկ մի սուրբ ու աննեխ:
Ծիծաղելի են Ձեզ այս խոսքերը,
Ծիծաղելի եմ ես և հիմար.
Հիշո՞ւմ եք ինչպես մի օր «Հասկերը»
Նվիրեցիք ինձ ծաղրի համար…
Ես «երեխա» եմ՝ Դուք միշտ կրկնում եք.
Ոչ, հայ աղջիկ եմ պարզ ու պարկեշտ,
Իմ ցնորքները կծու հեգնում եք —
Եվ երգում սերը ազատ ու հեշտ:
Ձեզ համար սերը «հաց ու պանիր է»,
Այսօր այստեղ եք էգուց այնտեղ,
Իսկ ես պահում եմ Ձեր սուվենիրը,
Որպես ծաղիկ մի սուրբ ու աննեխ…