Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/121

Այս էջը հաստատված է

112

Լռել են արդեն երգեր հզոր,
Ու էլ չեն հնչում խոսքերը հպարտ.
Խավարն է գերել մեր հոգին այսօր
Եվ լռությունը հավետ մահապարտ:

Սև գնդերն ահա կազմել են շարքեր
Արյունված երկրում, ուր երեկ այնպես
Շաչում էիք դուք, հրեղեն երգեր,
Եվ ալեկոծում փողոց ու կրկես:

Դաժան ցնծությամբ թշնամին ահա
Իր սև հաղթության խնջույքն է տոնում,
Հռհռում է մեր տանջանքի վրա՝
Արյունով հարբած արյուն է խմում…

Լցված է արդեն բաժակը թունոտ,
Համբերելու ժամն անցել է արդեն.
Ելնենք ճչալու խնդությամբ քինոտ
Ու հպարտ կանգնենք մութ բռնությա՜ն դեմ:

Այս դառն օրերի մթնում մահաբեր,
Արնոտ խնջույքի այս սև զնդանում
Դավաճան է նա, ով լռում է դեռ,
Մատնիչ է, ով իր սուրը չի հանում…