Քեզ այնքան անգութ
կիզել են նոքա
Չարությամբ ագահ,
Սիրով սին ու սուտ
Ու կրկին ահա
Բաց ես՝ թող կիզեն.
Օ՜, սիրտ իմ, անզեն,
Անզոր երեխա…
Քեզ, իմաստնագույն
Խիզախ նավապետ,
Հանձնում եմ հավետ
Նավակն իմ բեկուն.
Միայն դու, անքուն
Բոցե նավավար,
Գիտես ճանապարհ
Մթնում այս անհուն…