Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/157

Այս էջը հաստատված է

VII

Անուն առ անուն հիշում եմ և ձեզ,
Իմ հին ընկերներ, ցրված հավիտյան,
Կար մի ժամանակ — եղբայրների պես
Ապրում էինք մենք հարկում մի սուրբ տան։
«Ոմանք էլ չըկան և ոմանք հեռվում»,
Սակայն իմ սրտում բոլորիդ ահա
Ողջունում եմ ես և ողջագուրում։
Թող արևը միշտ ձեզ պայծառ շողա,
Թող կյանքը բացվի ամենուր ձեր դեմ,
Որպես սխրանքի սրբազան մարտկոց,
Եվ թող ձեր հոգին լինի լուսեղեն,
Ձեր սիրտը լինի լայն ու մշտաբոց…