Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/166

Այս էջը հաստատված է

8

Փողոցներում անհամար,
Ուղիներում տար
Խռնվում եք ահա դուք,
Հրում եք միմյանց
Եվ ալեկոծ ծովի պես
Ճչում անդադար,
Աղմկում եք ու հուզվում
Հուզումով անանց։
Եվ հոգսերով, հոգսերով
Ձեր օրըստօրյա
Դեգերում եք անհանգիստ
Մայթերի վրա։
Ձեր նավերը ծովերում
Ահեղ ու անծիր,
Սարսափալից ու դժնի
Հողմերի դիմաց,
Դեպի սև ու ահավոր
Հեռուն են նետվում
Հողմերի դեմ, մութի դեմ
Առագաստաբա՜ց․․․
Եվ ձեզ հետ է սիրտըս միշտ,
Ձեզ հետ ահա, ձեր
Աղետավոր, մահաբեր
Ուղիներն եմ ես չափում
Եվ օրհնում եմ, եղբայրներ,
Ձեր դադարն ու չուն…