Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/168

Այս էջը հաստատված է

Դուք իրար դեմ հավիտյան
Սրում եք ճանկեր,
Հոշոտում եք մեկ-մեկու,
Անիծում իրար.
Դավաճանում և մատնում
Եղբայր և ընկեր.
Իսկ ես ունեմ լոկ մի լույս —
Վիրավոր մի սիրտ —
Աշխարհում խավար —
Լի թախծությամբ անսփոփ.
Ի՞նչ ունեմ ես — միայն երգ,
Լոկ երգ ու երազ,
Եվ ծաղրում եք ահա դուք,
Քար նետում վրաս։
Եվ ես որպես մահապարտ,
Հավետ հանցավոր
Ձեր արյունոտ խնջույքում
Որբ եմ ու անզոր…
Եվ մի թիթեռ եմ տկար
Կրակի առաջ,
Մի դողդոջուն երգ եմ ես
Տխրությամբ հյուսված,
Որ մնալու է հավետ,
Հավետ չըլսված…