Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/173

Այս էջը հաստատված է

15

Ես լսում եմ` դեռ հնչում է անվերջ,
Այն հեռու երկրի աղբյուրը պայծառ,
Հիմա տեսնում եմ կամարները պերճ
Ու քո հայացքը զվարթ ու անչար։
Հնչում է ահա ծիծաղըդ ուրախ,
Որպես աղբյուրի կարկաչյունը լույս,
Զգում եմ ահա բերկրանքը խաղաղ,
Որ քո սիրո պես տիրել է հոգուս։
Ահա լսում եմ` անտառն է շաչում,
Երկինք, աստղերն են քեզ հետ ծիծաղում,
Հետս խաղում ես, փախչում ու կանչում,
Երգեր ես ասում, ծաղիկներ քաղում,
Կախարդել ես ինձ, որպես լուսնկան,
Եվ ես քեզ հետ եմ` հմայքիդ գերի,
Խորհրդավոր ես գիշերի նման,
Որպես լեռների .... փերի։