Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/178

Այս էջը հաստատված է

Ես չեմ մոռանում կարոտով մի հաշտ,
Մանուշակագույն մայրամուտ միգասքող,
Ամպերըդ մաքուր՝ ողողված ոսկով,
Եվ քե՛զ, հայրենի անո՛ւշ լեռնադաշտ։
Կարծես ականջիս հնչում է բարակ
Զանգակը գյուղի քարաշեն ժամից,
Որպես մի կռունկ ջոկված երամից —
Այնպե՜ս լալագին, այնպես անճարա՜կ…
Ու դեմս են ելնում պարզմիտ ու բռի
Գյուղացիք ծանոթ — զարմանքով նայում,
Եվ վայրի կոպիտ սիրով փայփայում,
Երբ ճանաչում են ժպտալով բարի…