Քանդեցեք իմ մռայլ բանտի պատերը սև,
Հոգուս տվեք ազատության ոսկե թևեր,
Ա՜խ, տվեք ինձ գեթ մի վայրկյան երգ ու արև,
Ա՜խ, ինձ տվեք գեթ մի վայրկյան կռիվ ու սեր:
Գերեզմանի մահաշշունջ կամարի պես
Ինձ տանջում է պաղ հայացքը… պատերի,
Այնպես լուռ է մենությունը, ծանր է այնպես
Չարագուշակ թշնամանքը շղթաների…
Ես դեռ չապրած պիտի մեռնեմ այս նկուղում,
Օգնեցե՛ք ինձ, օգնեցե՛ք ինձ, ջահել եմ դեռ.
Իմ խենթ սրտում կյանք տենչն է արեգակվում,
Դեռ տենչում է սիրտըս արև, կռիվ ու սեր:
Օ, քանդեցեք մռայլ բանտիս պատերը սև,
Հոգուս տվեք ազատության ոսկե թևեր,
Ա՜խ, ինձ տվեք գեթ մի վայրկյան երգ ու արև,
Ա՜խ, ինձ տվեք գեթ մի վայրկյան կռիվ ու սեր…