Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/184

Այս էջը հաստատված է

26

Սևերով, սևերով կըպատեմ,
Իմ սիրտը, իմ սերը շորորուն,
Ջահերը, ջահերը կըմարեմ
Իմ կյանքի, իմ հոգու օրորուն

Կըփակվեմ, կըփակվեմ իմ խցում
Ու մենակ, մեն֊մենակ կը մնամ,
Խոհերի, մտքերի օվկիանում
Մինչև լույս, մինչև մութ կըլողամ։

Դու գնա՛, դու անցիր քո ճամփեն,
Ցողաշաղ, հուսաշաղ, վեհորեն,
Թող ապրե, թող շնչե քո հոգին
Նոր հույզով, անհայտով անմեկին։

Բայց մի օր զղջումի կսկիծով
Թե դառնաս քո անցած ճամփեքով,
Եկ ինձ մոտ, ես կելնեմ քո դիմաց
Իմ հոգու խորանի լույսերով։

Իսկ այժմ սևերով կըպատեմ
Մոռացված, արնաքամ իմ հոգին,
Լույսերով, հույսերով կըսպասեմ
Քո դարձին. իմ կյանքին ծնունդին:


1916, 22/V