Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/187

Այս էջը հաստատված է

29

Կարդում եմ ահա նամակդ ինձ գրած
Ու բառերի մեջ սիրտդ եմ որոնում։
Ի՜նչպես տանջված ես, ա՜խ, ինչպես հոգնած,
Եվ ինձ ես փնտրում քո ամեն քայլում։

Բայց ես անուրջ չեմ, ես կամ, ես կը գամ,
Կոչի'ր ինձ միայն և ես կը դառնամ,
Կը գամ վանելու քո բյուր ցավերը,
Հեքիաթ դարձնելու քո ապրումները։

Կը դամ իմ հոգու ալ֊լավ վարդերով
Հոգուդ դրախտը նազան զուգելու,
Իմ երազների հուր բույր թևերով
Անուրջ֊պատրանքի գիրկը տանելու։

Միայն թե ծածկիր այդ բացված վիհը
Աշնան տերևով, անդարձ մահերով,
Ու վերածնվիր, անցիր անդունդը,
Հոգուդ անդունդը անվախ, անխռով։