Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/202

Այս էջը հաստատված է

3

L’ENNUI DE VIVRE…

Ես հոգնել եմ ապրելուց մարդկանց մեջ և օրերում,
Փոփոխումից խոհերիս, փոփոխումից ձգտումիս,
Ճշմարտության ձևերից, հանգերից իմ երգերում`
Ձանձրացել եմ ու հոգնել իմ անունից, անունից…
0՜, մարդիկ ի՜նչ… նրանցից հեշտ է հավետ հեռանալ,
Բայց իմ առաջ, խուզարկու մըտքիս ահեղ զնդանում
Ահա ձգվում է հեռուն, սուզվում դեպի մի անցյալ
Անջնջելի այն շղթան, որը հուշ են անվանում…
Եվ գնում եմ կորացած, ուսերիս` բեռն այդ աճող —
Հիացումնե՜ր, անկումնե՜ր, անուններ ու տարիներ,
Հետըս երգերս են վազում աղաղակով ու ճիլով,
Հղացումներս անավարտ — ահաբեկող ստվերնե՜ր…
Եվ աչքերս են կուրացնում ցոլքե՜ր, ցոլքե՜ր անհամար
(Սրտիս շիրմում մոխրացած խոսքեր անթիվ գրքերից)
Կանանց անթիվ մարմիններ և ագահ, և օձաբար
Կախվում են այդ շղթայից, կախվում են իմ շղթայից…

Այո՛, կանայք, ես ինքս եմ, ինքս եմ մոտըս կանչել ձեզ
Խեղդուկ մահճից, խուցերից, ուղիներից անհամար
Եվ արբել ենք երկուսով ակնթարթում հրակեզ
Եվ նետել է միասին մեզ հոսանքը քարից քար…
Ամուսնությամբ երկնային կապված եք ինձ հավիտյան,
Այդպես անթիվ գետերն են կապված ընդմիշտ ծովի հետ.
Կնքված եք իմ կնիքով, ձեր վրա կա մի նշան,