Հուշերն են քնքուշ մի թախիծով
Աչքերս համբուրում։ Ցերեկն իրա
Անլուր կոհակն է լեցնում մի ծով.—
Ստվեր է իջնում հոգուս վրա։
Որպես ծովատար նավորդ, կրկին
Տեսնում եմ ահա կյանքըս բոլոր
Իր հույսերով ու վշտով մթին,
Իր խենթությամբ ու ցնորքով խոր։
Բայց մշուշելով բոլորն ու այս
Լռության մեջ խոր և ահաբեր
Թեքվում են միգում ահա վրաս
Երկու կանացի ուրվապատկեր։
Մերթ դողով տարփոտ և անպատկառ
Աչքերում կրքի հուրն անհագուրդ
Դյութում են բախտի տեսիլքով վառ,
Որ մոռացված է օրերում ցուրտ։
Եվ մերթ նայում են սիրով մի հեզ
Առանց նախանձ ու անկշտամբանք —
Կորածն են սգում, լալիս` կարծես,
Եվ իմ վրա, և իմ տեղ — նրանք։