Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/216

Այս էջը հաստատված է

Ատամնաշարն իր գեղանի, բյուրեղներից հյուսված սիրուն.
Չէ՜ որ արճիճ զնդանին էլ մուրճը կարծր քար է փշրում:

Արդ պետք է ինձ երգիս համար սիրտ և լեզու, արվեստ ճարտար.
Թող ուժ տա ինձ, նա՛ թող օգնե, իր ձեռքին է միտք ու հանճար.
Այնժամ կօգնենք Տարիելին: Հիշելու ենք երեք պայծառ.
Հսկա-հերոս միմյանց եղբայր, որպես գերի իրար խոնարհ…

Ում աչքերը չեն ցամաքում լալով ցավից դառն ու անճար,
Եկեք, ում որ բախտ է ընկել Տարիելի բախտը դժվար.
Կընստեմ հեգ Ռուսթավելիս, կերգեմ խոցված ես չարաչար
Եվ ինչ որ ցարդ զրույց էր պարզ, պիտի դառնա մարգարտի շար:

Սիրահարը պիտի լինի արևի պես չքնաղ ու վառ,
Առատաձեռն և ունևոր, ազատ դյուցազն ու զորավար,
Կռվում հաղթող, երկարամիտ, մտքով հարուստ, լեզվով ճարտար:
Ում լիովին չի տրված այս—չի կարող լինել սիրահար:

Սերն է դյութիչ և սքանչելի, խորախորհուրդ է և դժվար,
Չըպետք է նույն դասը դասել և ցանկասեր և սիրահար.
Սար ու ձոր կա երկուսի մեջ, տարածության օվկիան անծայր,
Լավ լսեցեք իմ խոսքը դուք և մի խառնեք դրանք իրար…

Սիրահարը շնացող չէ, նա հաստատ է, հավատարիմ,
Ախ է քաշում յարից բաժան և անադադար հիշում յարին,
Թեկուզ լինի խիստ ու դաժան, յարն է տերն իր, ինքը գերին.
Ի՞նչ է գգվանք, գրկանք, համբույր, երբ չըկա սեր, սիրտ մտերիմ:

Ով սիրում է այսօր մեկին, վաղն ուզում է սիրել նոր յար,
Ով չի մաշվում յարից բաժան, չասեք նրան դուք սիրահար.
Խակություն է, տղայություն. սերը խաղ է նրա համար,
Իսկը նա է, ով զսպում է իր երկրային ըղձերը վառ:

Ճշմարիտ սերն իր վիշտը միշտ թաղում է խոր, պահում թաքուն.
Ցարից բաժան՝ հոգով իր հետ, մենություն է քաղցր իր հոգուն,
Յարից հեռու խելակորույս մեռնում է նա, վառվում անքուն,
Թեկուզ արքան թափե զայրույթ, յարի առաջ հեզ ու խոնարհ: