Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/221

Այս էջը հաստատված է

ՆՈւԲԻԱՑԻ. Իմ երկրի աստվածներն արյուն շատ են սիրում: Տարին երկու անգամ մենք զոհ ենք բերում նրանց պատանիներ և կույսեր՝ հիսուն պատանի և հարյուր կույս: Բայց երևի մենք նրանց երբեք չենք գոհացնում, որովհետև նրանք շատ են խստասիրտ դեպի մեզ:

ԿԱՊԱԴՈՎԿԻԱՑԻ. Իմ երկրում այժմ արդեն աստվածներ չկան: Հռոմայեցիները նրանց աքսորել են: Ասում են, որ նրանք սարերում են ապաստան գտել, բայց ես դրան չեմ հավատում: Ես սարերում երեք գիշեր անցկացրի և ամեն տեղ որոնեցի նրանց, բայց չգտա: Վերջապես ես սկսեի նրանց անունները տալ և բարձրաձայն կանչել, բայց նրանք չհայտնվեցին: Ինձ թվում է, որ նրանք մեռել են:

ԱՌԱՋԻՆ ԶԻՆՎՈՐ. Հրեաները պաշտում են մի աստված, որին չի կարելի տեսնել:

ԿԱՊԱԴՈՎԿԻԱՑԻ. Դա ինձ համար անհասկանալի է:

ԱՌԱՋԻՆ ԶԻՆՎՈՐ. Առհասարակ նրանք անտեսանելի բաների են հավատում:

ԿԱՊԱԴՈՎԿԻԱՑԻ. Դա շատ ծիծաղելի է թվում ինձ:

ՅՈՔԱՆԱԱՆԻ ՁԱՅՆԸ. Ինձնից հետո գալու է մի ուրիշը, որ ավելի զորավոր է, քան ես: Ես արժան չեմ անգամ նրա կոշիկների կապերն արձակելու: Երբ նա գա՝ անապատը պիտի ցնծա: Անապատը պիտի ծաղկի, որպես շուշան: Կույրերի աչքերը լույս պիտի տեսնեն և խուլերի ականջները պիտի բացվեն: Նորածին մանուկը վիշապների բնին պիտի դնե իր ձեռքը և առյուծներին, բաշերից բռնած՝ պիտի տանի:

ԵՐԿՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ. Ստիպեցեք, որ լռե դա: Դա միշտ անմիտ բաներ է ասում:

ԱՌԱՋԻՆ ԶԻՆՎՈՐ. Ոչ, նա սուրբ մարդ է: Եվ շատ անուշ մարդ է նա: Ես նրան ամեն օր կերակուր եմ տանում: Նա միշտ ինձ շնորհակալություն է հայտնում:

ԿԱՊԱԴՈՎԿԻԱՑԻ. Ո՞վ է նա:

ԱՌԱՋԻՆ ԶԻՆՎՈՐ. Նա մարգարե է:

ԿԱՊԱԴՈՎԿԻԱՑԻ. Անունն ի՞նչ է:

ԱՌԱՋԻՆ ԶԻՆՎՈՐ. Յոքանաան:

ԿԱՊԱԴՈՎԿԻԱՑԻ. Որտեղի՞ց է եկել: