ԱՌԱՋԻՆ ԶԻՆՎՈՐ. Անապատից, ուր նա մորեխներով ու վայրի մեղրով էր սնվում։ նա ուղտի ստև էր հագած և մեջքին կաշվե գոտի ուներ։ Շատ վայրի էր նրա տեսքը։ Խուռն ամբոխը հետևում էր նրան։ Նա ուներ և աշակերտներ։
ԿԱՊԱԴՈՎԿԻԱՑԻ. Ինչի՞ մասին է խոսում նա։
ԱՌԱՋԻՆ ԶԻՆՎՈՐ. Մենք չգիտենք։ Երբեմն սարսափելի բաներ է ասում, բայց անկարելի է նրան հասկանալ։
ԿԱՊԱԴՈՎԿԻԱՑԻ. Կարելի՞ է տեսնել նրան։
ԱՌԱՋԻՆ ԶԻՆՎՈՐ. Ո չ, տետրարքը չի թույլատրում։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԻՐԻԱՑԻ. Արքայադուստրը հովհարով է ծածկել իր երեսը: նրա մանրիկ, սպիտակ ձեռներն այնպես են շարժվում, կարծես դեպի աղավնատուն թռչող աղավնյակներ լինեն: Նրանք ճերմակ թիթեռների են նման։ Իսկ և իսկ ճերմակ թիթեռներ լինեն կարծես։
ՀԵՐՈՎԴԻԱԴԱՅԻ ՄԱՆԿԼԱՎԻԿ. Բայց ձեզ ի՞նչ։ Ինչո՞ւ եք նայում նրան: Չպետք է նայել նրան։ Դժբախտություն կարող է պատահել:
ԿԱՊԱԴՈՎԿԻԱՑԻ (ջրհորը ցույց տալով). Ինչ տարօրինակ բանտ է։
ԵՐԿՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ. Դա մի հին ջրհոր է:
ԿԱՊԱԴՈՎԿԻԱՑԻ. Հին ջրհո՜ր: Երևի անառո՞ղջ տեղ է։
ԵՐԿՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ. Ոչ: Օրինակ, տետրարքի եղբայրը, նրա մեծ եղբայրը, Հերովդիադա թագուհու առաջին ամուսինը 12 տարի փակված էր այդտեղ և դրանից չմեռավ։ Վերջը պետք եղավ նրան խեղդամահ անել:
ԿԱՊԱԴՈՎԿԻԱՑԻ. Խեղդամա՞հ։ Ո՞վ համարձակվեց այդ անելու:
ԵՐԿՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ (ցույց տալով դահճին, որ մի հսկա նեգր է).
Սա: Նաամանը։
ԿԱՊԱԴՈՎԿԻԱՑԻ. Եվ չվախեցա՞վ։
ԵՐԿՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ. Ոչ։ Տետրարքն ուղարկել էր իր մատանին։
ԿԱՊԱԴՈՎԿԻԱՑԻ. Ո՞ր մատանին։
ԵՐԿՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ. Մահվան մատանին։ Եվ դրա համար էլ սա չէր վախենում։
ԿԱՊԱԴՈՎԿԻԱՑԻ. Բայց և այնպես մի թագավոր խեղդե՜լ` սարսափելի՜ է։
ԱՌԱՋԻՆ ԶԻՆՎՈՐ. Ինչո՞ւ։ Թագավորներն էլ միայն մի վիզ ունեն, ինչպես և մյուս մարդիկ։