ՍԱԼՈՄԵ. Ինչ լա՜վ է նայել լուսնի՛ն։ Նա արծաթյա դրամի է նման: Կարծես մի փոքրիկ արծաթյա ծաղիկ է։ Նա սառն է և ողջախոհ` լուսինը: Ես հավատացած եմ, որ նա կույս է։ Նա կույսի գեղեցկություն ունի։ Այո՛, նա կույս է։ Նա իրան երբեք չէ ապականել: Նա բնավ անձնատուր չէ եղել մարդկանց, ինչպես մյուս դիցուհիները:
ՅՈՔԱՆԱԱՆԻ ՁԱՅՆԸ. Եկել է նա, Տե՜րը։ Եկել է Մարդո Որդին։ Հուշկապարիկները թաքնվել են գետերում և ջրահարսները թողել գետերն ու պահվել են տերևների մեջ, անտառներում։
ՍԱԼՈՄԵ. Այդ ո՜վ էր աղաղակեց։
ԵՐԿՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ. Դա մարգարեն էր, արքայադուստր։
ՍԱԼՈՄԵ. Ա՜հ, մարգարե՜ն, նա՜, որից տետրարքն այնպես վախենո՞ւմ է:
ԵՐԿՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ. Մենք ոչինչ չգիտենք, արքայադուստր։ Դա Յոքանաան մարգարեն է։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԻՐԻԱՑԻ. Եթե կամենում եք, արքայադուստր, ես կհրամայեմ, որ ձեր գահավորակը բերեն։ Այգում այնպես լա՜վ է որ:
ՍԱԼՈՄԵ. Նա սարսափելի բաներ է ասում — և այդ իմ մոր մասին է, այնպես չէ՞:
ԵՐԿՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ. Մենք նրա ասածները չենք հասկանում, արքայադուստր:
ՍԱԼՈՄԵ. Այո՛, նա մորս մասին հրեշավոր բաներ է ասում։
ՍՏՐՈՒԿ. Արքայադուստր, տետրարքը խնդրում է, որ դուք հանդիսասրահ դառնաք։
ՍԱԼՈՄԵ. Ես այնտեղ չեմ վերադառնա:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԻՐԻԱՑԻ. Ներեցեք, արքայադուստր, բայց եթե դուք չվերադառնաք, կարող է դժբախտություն պատահել:
ՍԱԼՈՄԵ. Ծ՞եր է նա, այդ մարգարեն։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԻՐԻԱՅԻ. Լավ է վերադառնաք, արքայադուստր։ Թույլ տվեք ձեզ դեպի հանդիսասրահն ուղեկցեմ։
ՍԱԼՈՄԵ. Ծերունի՞ է այդ մարգարեն։
ԱՌԱՋԻՆ ԶԻՆՎՈՐ. Ոչ, արքայադուստր, նա բոլորովին երիտասարդ է:
ԵՐԿՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ. Ոչ ոք չգիտե։ Ոմանք ասում են, թե դա Եղիան է։