Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/233

Այս էջը հաստատված է

խմեմ իմ հյուրերի հետ: Պետք է ամեն կերպ պատվել կեսարի դեսպաններին։

ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Նրանց պատճառով չէ, որ դուք մնում եք այստեղ:

ՀԵՐՈՎԴ. Այո՛, օդը հրաշալի է: Եկ, Հերովդիադա, մեր հյուրերը մեզ են սպասում: Ա՜հ, ես սայթաքեցի: Ես արյան մեջ սայթաքեցի։ Սա վատ նշան է։ Սա շատ վատ նշան է: Ի՜նչ արյուն է այս։ Եվ այս դիա՜կը։ Ի՜նչ բան ունի այստեղ դիակը: Մի՜թե դուք կարծում եք, որ ես նման եմ եգիպտական թագավորի՛ն, որ ոչ մի խնջույք չի տալիս առանց հյուրերին մի դիակ ցույց տալու: Վերջապես ո՜վ է սա: Ես չեմ ուզում նայել սրան:

ԱՌԱՋԻՆ ԶԻՆՎՈՐ. Դա մեր հրամանատարն է, արքա: Դա երիտասարդ սիրիացին է, որին դեռ երեք օր սրանից առաջ դուք մեր վրա հրամանատար կարգեցիք։

ՀԵՐՈՎԴ. Ես չեմ հրամայել, որ սպանեն նրան:

ԵՐԿՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ. Նա ինքնասպան եղավ, Տեր:

ՀԵՐՈՎԴ. Ինչո՞ւ։ Չէ՞ որ ես նրան հրամանատար կարգեցի:

ԵՐԿՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ. Մենք չգիտենք, Տեր: Սակայն նա ինքն սպանեց իրան:

ՀԵՐՈՎԴ. Այդ ինձ տարօրինակ է թվում: Ես կարծում էի, թե միայն հռոմեացի փիլիսոփաներն են ինքնասպանություն գործում: Այնպես չէ՜, Տիգելին, Հռոմում փիլիսոփաներն իրանք իրանց սպանում են:

ՏԻԳԵԼԻՆ. Կան այդպիսիները, Տեր, որոնք իրանց սպանում են: Այդ ստոյիկյաններն են: Նրանք շատ կոպիտ մարդիկ են: Վերջապես նրանք շատ ծիծաղելի մարդիկ են: Ինձ թվում է, որ շատ ծիծաղելի են նրանք։

ՀԵՐՈՎԴ. Ինձ էլ այդպես է թվում։ Ինքն իրան սպանելը ծիծաղելի բան է։

ՏԻԳԵԼԻՆ. Հռոմում նրանց շատ են ծաղրում: Կայսրը նրանց մասին մի երգիծական պոեմ է դրել: Ամեն տեղ կրկնում են այն։

ՀԵՐՈՎԴ. Ա՜հ, նա երգիծական պոեմ է դրել նրանց մասին։ Կեսարը զարմանալի՜ է։ Նա ամեն ինչ կարող է անել։ Տարօրինակ է, որ ինքնասպան է եղել երիտասարդ սիրիացին։ Ես նրան ափսոսում եմ: Այո՛, ես շատ եմ ափսոսում։ Որովհետև նա գեղեցիկ էր։ Նույնիսկ շատ էր գեղեցիկ։ Նա շատ նվաղուն աչքեր ուներ։ Ես հիշում եմ, տեսել եմ նրան այդպիսի