Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/234

Այս էջը հաստատված է

աչքերով Սալոմեին նայելիս։ Ճիշտ, ինձ թվաց, որ նա Սալոմեին շատ է նայում:

ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Կան և ուրիշները, որ Սալոմեին շա՛տ են նայում:

ՀԵՐՈՎԴ. Նրա հայրը թագավոր էր, ես նրան արտաքսեցի իր թագավորությունից: Եվ նրա մորը, որ թագուհի էր, դուք ստրկուհի դարձրիք, Հերովդիադա: Այսպիսով նա այստեղ հյուրի պես էր: Եվ դրա համար ես նրան հրամանատար նշանակեցի: Ես ափսոսում եմ, որ նա մեռել է: Սակայն ինչո՞ւ եք դիակն այստեղ թողել: Պետք է տանել այստեղից: Ես չեմ ուզում տեսնել: Տարեք դիակը:

Դիակը տանում են

Այստեղ ցուրտ է: Այստեղ քամի է: Այնպես չէ՞, այստեղ քամի է:

ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Բոլորովին ոչ: Այստեղ քամի չկա:

ՀԵՐՈՎԴ. Ոչ, այստեղ քամի է: Եվ ես զգում եմ օդում թևերի թափահարումի նման մի բան: Հսկայական թևերի թափահարումի նման մի բան: Դուք չե՞ք լսում:

ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Ես ոչինչ չեմ լսում:

ՀԵՐՈՎԴ. Ես էլ այլևս չեմ լսում: Բայց լսո՛ւմ էի: Անշուշտ, դա քամի էր: Անցավ: Բայց ոչ, ես նորից եմ լսում: Դուք չէ՞ք լսում: Դա իսկ և իսկ թևերի թափահարումի է նման:

ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Ես ձեզ ասում եմ, որ ոչինչ չկա: Դուք հիվանդ եք:

Վերադառնանաք:

ՀԵՐՈՎԴ. Ես հիվանդ չեմ: Ձեր դուստրն է հիվանդ: Նա շատ հիվանդոտ տեսք ունի, ձեր դուստրը: Ես նրան երբեք չեմ տեսել այդքան գունատ:

ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Ես ձեզ ասացի, որ նրան չնայեք:

ՀԵՐՈՎԴ. Գինի լցրեք:

Գինի են բերում

Սալոմե, եկե՛ք այստեղ, միքիչ գինի խմեցեք հետս, ես ազնիվ գինի ունեմ: Ինքը կեսարն է ուղարկել այդ գինին: Թրջեցեք նրանով ձեր մանրիկ կարմիր շրթունքները, իսկ հետո ես կդատարկեմ բաժակը:

ՍԱԼՈՄԵ. Ես ծարավ չեմ, տետրարք: