Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/235

Այս էջը հաստատված է

ՀԵՐՈՎԴ. Դուք լսում եք, ինչպե՞ս է պատասխանում ինձ նա, ձեր դուստրը։

ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Ես կարծում եմ, որ նա շատ իրավացի է։ Ինչո՞ւ դուք շարունակ նրան եք նայում։

ՀԵՐՈՎԴ. Միրգ բերեք։

Միրգ են բերում

Սալոմե, եկեք հետս միրգ կերեք։ Ես շատ եմ սիրում տեսնել մրգի վրա քո մանրիկ ատամների հետքերը։ Մի փոքրիկ կտոր կծեքեք այս պտուղից, և մնացյալը կուտեմ ես։

ՍԱԼՈՄԵ. Ես քաղցած չեմ, տետրարք:

ՀԵՐՈՎԴ (Հերովդիդային). Ահա թե ինչպես եք դաստիարակել դուք նրան, ձեր դստերը:

ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Իմ դուստրն ու ես արքայական ծագում ունենք: Մինչդեռ դո՜ւ — քո պապը ուղտարած է եղել: Բացի այդ, նա և ավազակ է եղել։

ՀԵՐՈՎԴ. Դու սուտ ես ասում։

ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Դու շատ լավ գիտես, որ այդ ճշմարիտ է:

ՀԵՐՈՎԴ. Սալոմե, եկ նստիր կողքիս։ Ես քե՛զ կտամ քո մոր գահը։

ՍԱԼՈՄԵ. Ես հոգնած չեմ, տետրարք:

ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Դուք լա՜վ եք տեսնում, թե ինչ կարծիք ունի նա ձեր մասին։

ՀԵՐՈՎԴ. Բերե՛ք... ի՞նչ էի ուզում ես: Չգիտեմ: Ա՜հ, մտաբերեցի.

ՅՈՔԱՆԱԱՆԻ ՁԱՅՆԸ. Հասել է ժամանակը: Այն, ինչ ես գուշակել էի, կատարվեց, ասում է Աստված։ Հասավ այն օրը, որի մասին խոսում էի ես։

ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Լռեցրե՛ք դրան։ Ես նրա ձայնը չեմ ուզում լսել։ Այդ մարդն անընդհատ հայհոյանք է թափում իմ վրա:

ՀԵՐՈՎԴ. Նա ձեր մասին ոչինչ չի ասում: Բացի դրանից, նա շատ մեծ մարգարե է։

ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Մարգարեներին ես չեմ հավատում: Մի՜թե մարդ կարող է գուշակել, թե ի՞նչ պիտի պատահի։ Այդ ոչ ոք չգիտե։ Բացի դրանից, նա միշտ վիրավորում է ինձ։ Բայց ինձ թվում է, որ դուք վախենում եք նրանից… Այո՛, ես լավ դիտեմ, որ դուք նրանից վախենում եք: