ՀԵՐՈՎԴ. Ես նրանից չեմ վախենում։ Ես ոչ ոքից չեմ վախենում։
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Այո՛, դուք նրանից վախենում եք: Եթե չեք վախենում, ապա ինչու նրան հրեաներին չտվիք, չէ՞ որ նրանք վեց ամիս է պահանջում են նրան:
ՀՐԵԱ. Իրոք, արքա, լավ կլիներ, եթե մեզ տայիք նրան։
ՀԵՐՈՎԴ. Բավ է այդ մասին: Ես արդեն ձեզ տվել եմ իմ պատասխանը: Ես նրան ձեզ չեմ ուզում տալ: Դա մի մարդ է, որ տեսել է Աստծուն:
ՀՐԵԱ. Այդ, այդ անկարելի է: Եղիա մարգարեից հետո ոչ ոք Աստծուն չի տեսել: Եղիա մարգարեն վերջինն է եղել, որ տեսել է Աստծուն: Մեր ժամանակները Աստված մարդկանց չի երևում։ Նա թաքուն է պահում իրան: Եվ դրա համար է, որ երկիրը լի է անբախտություններով:
ՄԻ ԱՅԼ ՀՐԵԱ. Վերջապես հայտնի չէ՝ իրոք տեսե՞լ է Եղիան Աստծուն, թե ոչ: Ավելի ճիշտ, նա Աստծո ստվերն է միայն տեսել:
ԵՐՐՈՐԴ ՀՐԵԱ. Աստված իրան երբեք չի թաքցնում: Նա իրան ցույց է տալիս միշտ և ամեն բանում: Աստված նույնպես և չարի մեջ է, ինչպես բարու մեջ:
ՉՈՐՐՈՐԴ ՀՐԵԱ. Այդպես չպետք է ասել: Դա շատ վտանգավոր միտք է: Դա մի միտք է, որ Ալեքսանդրիական դպրոցներից է եկել, որտեղ հունական փիլիսոփայություն են սովորեցնում: Իսկ հույները կռապաշտ են: Հույները մինչև իսկ թլպատված էլ չեն:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՀՐԵԱ. Երբեք չի կարելի իմանալ, թե ինչպես է վարվում Աստված: Խորհրդավոր են նրա ուղիները: Կարող է պատահել, որ այն, ինչ մենք չարիք ենք անվանում` բարիք է, իսկ այն, ինչ մենք բարիք ենք համարում' չարիք է: Ոչինչ չի կարելի իմանալ: Հարկավոր է լոկ հնազանդվել ամեն բանի, Աստված շատ է զորավոր։ Նա միաժամանակ հարվածում է և թույլերին, և՛ ուժեղներին։ Նա ոչ ոքի առավելություն չի տալիս:
ԱՌԱՋԻՆ ՀՐԵԱ. Այդ ճիշտ է: Սարսափելի՜ է Աստված: Նա փշրում է և թույլերին, և ուժեղներին, ինչպես ցորենն են փշրում սանդի մեջ: Բայց այդ մարդը Աստծուն երբեք չի տեսել: Եղիա մարգարեից հետո ոչ ոք չի տեսել Աստծուն: