Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/237

Այս էջը հաստատված է

ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Լռեցրե՛ք դրանց։ Դրանք ինձ ձանձրացնում են։

ՀԵՐՈՎԴ. Բայց ես լսել եմ, որ Յոքանաան ինքն է Եղիա մարգարեն։

ՀՐԵԱ. Այդ անկարելի է։ Եղիա մարգարեից հետո երեք հարյուր տարուց ավել է անցել։

ՀԵՐՈՎԴ. Կան այնպիսիները, որ ասում են, թե դա Եղիա մարգարեն է։

ՆԱԶՈՎՐԵՑԻ. Ես համոզված եմ, որ դա Եղիա մարգարեն է:

ՀՐԵԱ. Ո՛չ, ո՛չ, դա Եղիա մարգարեն չէ:

ՅՈՔԱՆԱԱՆԻ ՁԱՅՆԸ. Հասել է օրը, հասել է Տիրոջ օրը, և ես լսում եմ նրա քայլերը լեռների վրա, նրա՜, ով աշխարհի փրկիչը պիտի լինի։

ՀԵՐՈՎԴ. Դրանով ի՞նչ է ուզում ասել: Աշխարհի փրկի՞չ:

ՏԻԳԵԼԻՆ. Դա կեսարի տիտղոսներից մեկն է։

ՀԵՐՈՎԴ. Բայց կեսարը Հրեաստան չի գալու: Ես երեկ Հռոմից նամակ ստացա: Ինձ բան չէին գրել այդ մասին։ Վերջապես դուք, Տիգելին, ձմեռը Հռոմ եք եղել, ոչինչ չե՞ք լսել այդ մասին։

ՏԻԳԵԼԻՆ. Ճշմարիտ որ, արքա, ես այդ մասին բան չեմ լսել: Ես միայն տիտղոսն էի բացատրում: Դա կեսարի տիտղոսներից մեկն է:

ՀԵՐՈՎԴ. Կեսարը չի կարող գալ, նա ոտացավ ունի: Ասում են, որ նրա ոտները փղի ոտների նման են: Բացի այդ, կան և պետական նկատումներ։ Ով հեռանում է Հռոմից` կորցնում է Հռոմը։ Նա չի գա։ Վերջապես կեսարը տեր է։ Եթե կամենա` կարող է և գալ։ Սակայն ես չեմ կարծում, որ նա գա:

ԱՌԱՋԻՆ ՆԱԶՈՎՐԵՑԻ. Մարգարեի խոսքը կեսարի մասին չէր, արքա՛։

ՀԵՐՈՎԴ. Կեսարի մասին չէ՞ր։

ԱՌԱՋԻՆ ՆԱԶՈՎՐԵՑԻ. Ո՛չ, արքա։

ՀԵՐՈՎԴ. Հապա ո՞ւմ մասին էր խոսում նա։

ԱՌԱԶԻՆ ՆԱԶՈՎՐԵՑԻ. Մեսսիայի, որն եկել է։

ՀՐԵԱ. Մեսսիան չի եկել։

ԱՌԱՋԻՆ ՆԱԶՈՎՐԵՑԻ. Նա եկել է և ամեն տեղ հրաշքներ է գործում: