ԱՌԱՋԻՆ ՆԱԶՈՎՐԵՑԻ. Հայրոսի դուստրը մեռել էր, և նա հարություն տվեց նրան:
ՀԵՐՈՎԴ.Նա մեռելներին հարությո՞ւն է տալիս:
ԱՌԱՋԻՆ ՆԱԶՈՎՐԵՑԻ. Այո՝, արքա, նա մեռելներին հարություն է տալիս:
ՀԵՐՈՎԴ. Ես չեմ ուզում, որ նա այդ բանն անե: Ես այդ արգելում եմ նրան։ Ես չեմ թույլատրում մեռելներին հարություն տալու։ Պետք է գտնել այդ մարդուն և ասել, որ ես արգելու եմ մեռելներին հարություն տալը։ Այժմ՝ ո՞ւր է նա, այդ մարդը։
ԵՐԿՐՈՐԴ ՆԱԶՈՎՐԵՑԻ․ Ամեն տեղ, արքա, բայց շատ դժվար է գտնել նրան։
ԱՌԱՋԻՆ ՆԱԶՈՎՐԵՑԻ․ Ասում են, որ նա այժմ Սամարիա է։
ՀՐԵԱ․ Ուրեմն նա մեսսիան չէ, եթե որ Սամարիա է։ Սամարացիների մոտ չէ, որ պիտի գա մեսսիան։ Սամարցիները նզովված են։ Նրանք երբեք տաճարներում զոհ չեն բերում Աստծուն:
ԵՐԿՐՈՐԴ ՆԱԶՈՎՐԵՑԻ․ Մի քանի օր է, որ նա հեռացել է Սամարիայից։ Կարծեմ այժմ նա Երուսաղեմի շրջակայքում է։
ԱՌԱՋԻՆ ՆԱԶՈՎՐԵՑԻ․ Ո՛չ, նա այնտեղ չէ։ Ես Երուսաղեմից նոր եմ եկել։ Ահա երկու ամիս է նրա մասին բան չի լսվում:
ՀԵՐՈՎԴ․ Դա միևնույն է։ Այնուամենայնիվ պետք է գտնել նրան և իմ կողմից ասել, որ չեմ թույլատրում մեռելներին հարություն տալու։ Ջուրը գինի դարձնել, բժշկել բորոտներին, կույրերին․․․ այդ ամենը նա կարող է անել, եթե կամենում է։ Դրանց դեմ ասելիք չունեմ։ Մինչև իսկ ինձ թվում է, որ բորոտներին բժշկելը բարի գործ է։ Բայց ես չեմ թւյլատրում մեռելերին հարություն տալու։ Սարսափելի կլիներ, եթե մեռելները հարություն առնեին։
ՅՈՔԱՆԱԱՆԻ ՁԱՅՆԸ․ Ահ, պագշոտ, պոռնի՛կ կին։ Ա՜հ, Բաբելոնի դուստր՝ ոսկի աչքերով և ոսկեներկ թարթիչներով։ Լսի՛ր, թե ի՞նչ է ասում Աստված,- արձակեցե՛ք նրա վրա մարդկային բազմությունը, թող ժողովուրդը քարեր առնե և քարկոծե նրան։
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ․ Լռեցրե՛ք դրան։
ՅՈՔԱՆԱԱՆԻ ՁԱՅՆԸ․ Որ զորապետները նրան պատառ-պատառ անեն իրանց սրերով, որ ջախջախեն իրանց վահաններով։