ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Այդ լրբություն է:
ՅՈՔԱՆԱԱՆ. Այդպես պիտի ջնջեմ ևս անօրինությունը երկրի վրա, որպեսզի բոլոր կանայք սովորեն չհետևել դրա գարշ գործերին:
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Դուք լսո՞ւմ եք: Նա իմ դեմ է խոսում: Եվ դուք թույլ եք տալիս, որ վիրավորեն ձեր կնոջը:
ՀԵՐՈՎԴ. Բայց նա ձեր անունը չտվեց:
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Դա ի՞նչ նշանակություն ունի։ Դուք լավ գիտեք, որ նա ի՛նձ է ուզում վիրավորել: Եվ ես ձեր ամուսինն եմ, այնպես չէ՞:
ՀԵՐՈՎԴ. Այո՛, սիրելի և պատվարժան Հերովդիադա, դուք իմ ամուսինն եք, իսկ առաջ իմ եղբոր ամուսինն եք եղել։
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Այն դո՛ւք էիք, որ խլեցիք ինձ նրա գրկից:
ՀԵՐՈՎԴ. Իրավ որ, ես ավելի ուժեղ էի, քան նա… Բայց չխոսենք այդ մասին: Ես դրա մասին չեմ ուզում խոսել: Դրա պատճառով էր, որ մարգարեն ասաց այն սարսափելի խոսքերը: Դրա պատճառով գուցե դժբախտություն պատահի: Չխոսենք դրա մասին: Ազնիվ Հերովդիադա, մենք մոռանում ենք մեր հյուրերին: Ինձ համար գինի լցրու, սիրելիս: Գինի լցրեք արծաթյա մեծ գավաթներն ու ապակյա մեծ գավաթները: Ես կեսարի կենացն եմ ուզում խմել: Այստեղ հռոմայեցիներ կան, պետք է խմել կեսարի կենացը:
ԱՄԵՆՔԸ ՄԻԱՍԻՆ. Կեսա՜ր, կեսա՜ր:
ՀԵՐՈՎԴ. Մի՞թե դուք չեք նկատում՝ որքան գունա՜տ է ձեր դուստրը:
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Ձեզ ի՞նչ գունատ է նա, թե ոչ:
ՀԵՐՈՎԴ. Ես երբեք նրան այդքան գունատ չեմ տեսել:
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Չպետք է նայել նրան:
ՅՈՔԱՆԱԱՆԻ ՁԱՅՆԸ. Այն օրն արեգակը սև կլինի, որպես ստևի վերարկու և լուսինը կլինի կարմիր, որպես արյուն, և երկնքի աստղերը գետին կթափվեն, որպես թզենու կանաչ պտուղներն են թափվում թզենուց, և երկրային թագավորները կսոսկան:
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Ա՜հ, ա՜հ, ես շատ կուզենայի տեսնել այն օրը, երբ, ինչպես դա է ասում՝ լուսինը կդառնա կարմիր, որպես արյուն և երբ աստղերը գետին կթափվեն թզենու կանաչ