բաների վրա խոսելու ժամանակը չէ։ Այժմ ես ուզում եմ երջանիկ լինել: Եվ իրո՛ք ես երջանիկ եմ։ Ես շատ եմ երջանիկ։ Ոչ մի բան պակաս չէ։
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Ես շատ գոհ եմ, որ դուք այս երեկո այդպես լավ եք տրամադրված։ Դա արտասովոր բան է։ Բայց ուշ է արդեն։ Վերադառնանք։ Մի մոռանաք, որ արևը ծագելուն պես մենք բոլորս որսի պիտի գնանք։ Կեսարի դեսպաններին ամեն կերպ պետք է պատվել, այնպես չէ՞։
ԵՐԿՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ. Որքան մռա՜յլ տեսք ունի նա, տետրարքը։
ԱՌԱՋԻՆ ԶԻՆՎՈՐ. Այո՛, նա մռայլ տեսք ունի։
ՀԵՐՈՎԴ. Սալոմե՛, Սալոմե՛, պարեցե՛ք ինձ համար։ Ես ձեզ աղաչում եմ, որ պարեք ինձ համար։ Տխուր եմ ես այս երեկո։ Այո, ես շատ եմ տխուր այս երեկո։ Երբ ես այստեղ եկա, արյան մեջ սայթաքեցի` դա վատ նշան է, և ես լսեցի, ես հավատացած եմ, որ լսեցի օդում ինչ֊որ թևերի թափահարում, ինչ-որ հսկայական թևերի թափահարում։ Չգիտեմ այդ ինչ է նշանակում։ Ես տխուր եմ այս երեկո։ Ուրեմն, պարեցե՛ք ինձ համար, Սալոմե՛, աղաչում եմ ձեզ։ Եթե դուք ինձ համար պարե՛ք, կարող եք պահանջել ինձնից ինչ և կամենաք, և ես կտամ ձեզ։ Այո, պարեցե՛ք ինձ համար, Սալոմե`, և ես կտամ ձեզ ինչ և պահանջեք, թեկուզ իմ թագավորության կեսը։
ՍԱԼՈՄԵ (վեր կենալով). Դուք կտաք ինձ ամենը, տետրարք, ինչ էլ որ պահանջեմ։
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Մի՛ պարեք, դուստր իմ։
ՀԵՐՈՎԴ. Ամեն ինչ, թեկուզ այդ իմ թագավորության կեսը լինի։
ՍԱԼՈՄԵ. Դուք երդվո՜ւմ եք, տետրա՛րք։
ՀԵՐՈՎԴ. Ես երդվում եմ, Սալոմե։
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Դուստր իմ, մի՛ պարեք։
ՍԱԼՈՄԵ. Ինչո՜վ եք երդվում դուք, տետրա՛րք։
ՀԵՐՈՎԴ. Իմ կյանքով, իմ թագով, իմ աստվածներով։ Ինչ էլ որ կամենաք դուք` ես կտամ ձեզ, եթե պարեք ինձ համար, թեկուզ իմ թագավորության կեսը պահանջեք։ 0՜, Սալոմե , Սալոմե՛, պարեցե՛ք ինձ համար։
ՍԱԼՈՄԵ. Դուք երդվեցի՛ք, տետրարք։
ՀԵՐՈՎԴ. Ես երդվեցի, Սալոմե։