ՍԱԼՈՄԵ. Ինչ էլ որ պահանջեմ ձեզնից, թեկուզ ձեր թագավորության կե՞սը լինի դա:
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Մի՚ պարեք, դուստր իմ։
ՀԵՐՈՎԴ. Անգամ եթե իմ թագավորության կեսը լինի դա: Դու չքնաղագեղ թագուհի կլինես, Սալոմե, եթե կամենաս պահանջել իմ թագավորության կեսը։ Նա շատ չքնաղ թագուհի կլինի, այնպես չէ՞։ Ա՜հ, ցուրտ է այստեղ։ Այստեղ մի ցուրտ քամի է փչում, և ես լսում եմ... Ինչո՞ւ եմ լսում այդ թևերի թափահարումը։ Օ՜հ, կարելի է կարծել, թե դա մի թռչուն է, մի ահագին սև թռչուն է, որ սավառնում է պատշգամբի վրա։ Բայց ինչո՞ւ չեմ կարողանում տեսնել նրան։ Եվ սարսափելի է նրա թևերի թափահարումը։ Սարսափելի է նրա թևերի թափահարումից առաջացած քամին։ Դա ցո՛ւրտ քամի է: Բայց ոչ, բոլորովին ցուրտ չէ։ Ընդհակառակը, սաստիկ տաք է։ Ես խեղդվում եմ։ Ջուր լցրեք իմ ձեռներին։ Ձյուն տվեք՝ ուտեմ։ Բացե՚ք վերարկուիս կոճակները։ Ո՛չ։ Թողե՛ք այդ։ Այդ իմ պսակն է, որ ցավ է պատճառում ինձ։ Իմ վարդյա պսակը։ Կարծես կրակից են այդ ծաղիկները։ Նրանք այրեցին իմ ճակատը։ (Նա պոկում է գլխից ու սեղանի վրա է գցում իր պսակը:) Ա՜հ, վերջապես ես շնչում եմ։ Որքան կարմիր են այս թերթերը։ Կարծես արյան բծեր են սփռոցի վրա։ Այդ ոչինչ։ Չի կարելի որևէ նշան որոնել ամեն մի տեսածդ բանում: Այդպիսով անհնար է դառնում կյանքը: Ավելի լավ է ասել, որ արյան բծերը նույնքան գեղեցիկ են, որքան և վարդի թերթերը: Ավելի լավ կլիներ այդպես ասել։ Սակայն չխոսենք այդ մասին։ Այժմ ես երջանիկ եմ։ Ես շատ եմ երջանիկ: Եվ ունեմ իրավունք երջանիկ լինելու, այնպես չէ՞։ Ձեր դուստրը կպարե ինձ համար։ Դուք պիտի պարեք ինձ համար, այնպես չէ՞, Սալոմե։ Դուք խոստացաք պարել ինձ համար։
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Ես չեմ ուզում, որ նա պարե։
ՍԱԼՈՄԵ. Ես կպարեմ ձեզ համար, տետրա՛րք։
ՀԵՐՈՎԴ. Լսո՞ւմ եք, ինչ է ասում ձեր դուստրը։ Նա կպարե ինձ համար։ Լավ է այդ, Սալոմե, որ պարելու եք դուք ինձ համար։
Եվ երբ կվերջանա ձեր պարը, մի' մոռանաք պահանջելու ինձնից ինչ էլ որ կամենաք, թեկուզ դա իմ թագավորության կեսը լինի։ Ես երդվել եմ, այդպես չէ՞։