ՍԱԼՈՄԵ. Դուք երդվել եք, տետրա՚րք։
ՀԵՐՈՎԴ. Եվ ես երբեք չեմ դրժի իմ խոսքը։ Ես նրանցից չեմ, որ իրանց խոսքը դրժում են։ Ես ստել չգիտեմ։ Ես իմ խոսքի գերին եմ և իմ խոսքը թագավորի խոսք է։ Կապադովկիայի թագավորը միշտ ստում է, բայց չէ որ նա իսկական թագավոր էլ չէ: Նա երկչոտի մեկն է։ Բացի այդ, նա ինձ փող է պարտք և չի ուզում տալ։ Նա մինչև իսկ վիրավորանք է հասցրել իմ դեսպաններին։ Նա շատ վիրավորական բաներ է ասել։ Սակայն, երբ Հռոմ գնա, կեսարը նրան պիտի խաչ հանե։ Ես հավատացած եմ, որ Կեսարը նրան կխաչե։ Իսկ եթե ոչ, միևնույն է, նա որդերի կերակուր պիտի լինի, պիտի մեռնի։ Այդպես գուշակեց մարգարեն։ Դեհ, Սալոմե, ինչի՞ եք սպասում։
ՍԱԼՈՄԵ. Սպասում եմ, որ ստրկուհիներն ինձ համար անուշահոտ օծելիքներ և յոթը ծածկույթ բերեն ու հանեն իմ սանդալները:
Ստրկուհիները բերում են անուշահոտ օծելիքներ, յոթը ծածկույթ և հանում են Սալոմեի սանդալները
ՀԵՐՈՎԴ. Ա՜հ, դուք մերկ ոտներո՜վ պիտի պարեք։ Այդ լավ է, շատ լա՜վ է այդ։ Ձեր փոքրիկ ոտները նման կլինեն սպիտակ աղավնյակների։ Նրանք նման են մանրիկ, սպիտակ ծաղիկների, որ պարում են ծառի վրա… Ա՜հ, ոչ։ Նա արյան մեջ պիտի պարե։ Գետնի վրա արյուն է։ Ես չեմ ուզում, որ նա արյան մեջ պարե: Դա շատ վատ նշան կլինի։
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Ձեզ ի՞նչ, թե նա արյան մեջ կպարե։ Չէ՞ որ դուք գնում էիք արյան միջով, դուք…
ՀԵՐՈՎԴ. Ինձ ի՞նչ։ Ա՜հ, նայեցեք լուսնին։ Նա կարմիր դարձավ։ Նա դարձավ կարմիր՝ որպես արյուն։ Այդ լավ գուշակեց մարգարեն: Նա գուշակեց, որ լուսինը կդառնա կարմիր՝ որպես արյուն: Այդպես ասաց նա, այնպես չէ։ Դուք բոլորդ այդ լսեցիք: Լուսինը դարձավ կարմիր՝ որպես արյուն: Դուք այդ չե՞ք տեսնում։
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Ես այդ լավ եմ տեսնում։ Եվ աստղերը ցած են թափվում, որպես թզենու կանաչ պտուղներ, այնպես չէ՛: Եվ արևը դառնում է սև, որպես ստևի վերարկու, և երկրի թագավորները սոսկում են։ Ահա այդ գուցե և երևում է։ Գոնե մի