ՍԱԼՈՄԵ (վեր կենալով). Յոքանաանի գլուխը։
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Ա՞հ, այդ լավ ասացիր, դուստր իմ։
ՀԵՐՈՎԴ. Ո՛չ, ո՛չ։
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Այդ լավ է ասված, դուստր իմ։
ՀԵՐՈՎԴ. Ո՛չ, ո՛չ։ Սալոմե՛, դուք այդ չեք պահանջում ինձնից։ Ձեր մորը մի՛ լսեք։ Նա միշտ վատ խորհուրդներ է տալիս ձեզ:
Նրան չպետք է լսել։
ՍԱԼՈՄԵ. Ես իմ մորը չեմ լսում։ Դա իմ սեփական հաճույքի համար է, որ պահանջում եմ ես Յոքանաանի գլուխը արծաթյա ափսեի վրա դրած։ Դուք երդվել եք, Հերովդ։ Մի՛ մոռանաք, որ դուք երդվել եք։
ՀԵՐՈՎԴ. Ես գիտեմ այդ։ Ես երդվեցի իմ աստվածներով։ Ես այդ լավ գիտեմ։ Սակայն աղաչում եմ ձեզ, Սալոմե՛, մի այլ բան պահանջեցեք ինձնից։ Պահանջեցեք իմ թագավորության կեսը, և ես կտամ ձեզ։ Բայց մի պահանջեք այն, ինչ պահանջեցիք դուք։
ՍԱԼՈՄԵ. Ես ձեզնից Յոքանաանի գլուխն եմ պահանջում:
ՀԵՐՈՎԴ. Ո՛չ, ո՛չ, ես չեմ ուզում։
ՍԱԼՈՄԵ. Դուք երդվել եք, Հերո՛վդ։
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Այո՛, դուք երդվել եք։ Բոլորը լսեցին ձեզ։ Դուր երդվեցիք բոլորի առաջ։
ՀԵՐՈՎԴ. Դուք լռեցե՚ք, ես ձեզ հետ չեմ խոսում։
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Իմ դուստրն իրավացի է, երբ այդ մարդու գլուխն է պահանջում։ Այդ մարդը լուտանք է թափում իմ վրա։ Նա հրեշավոր բաներ է ասում իմ մասին։ Երևում է, որ իմ դուստրը սիրում է իր մորը։ Մի՛ զիջեք, դուստր իմ։ Նա երդվել է, երդվել է նա։
ՀԵՐՈՎԴ. Լռեցեք, հետս մի՛ խոսեք։ Տեսե՛ք, Սալոմե՛, խոհեմ պետք է լինել, այնպես չէ։ Այնպես չէ՞, պետք է լինել խոհեմ։ Ես ձեր վերաբերմամբ երբեք խիստ չեմ եղել։ Ես ձեզ միշտ սիրել եմ։ Գուցե և չափից դուրս եմ սիրել ձեզ։ Ուրեմն այդ մի պահանջեք։ Սարսափելի է, զարհուրելի է ինձնից այդ պահանջել… Եվ իրոք, ես չեմ հավատում, որ դուք լուրջ եք պահանջում այդ։ Գլխատված մարդու մի գլուխ — մի՞թե այլանդակ բան չէ՞ դա։ Աղջիկն այդպիսի բանի չպիտի նայե։ Եվ ի՞նչ հաճույք պիտի ստանաք դրանից։ Ոչինչ։ Ո՛չ, ո՛չ, դուք այդ