Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/251

Այս էջը հաստատված է

արկղիկում ես ունեմ սաթի գավաթներ, որ ոսկեղեն խնձորների են նման։ Եթե այդ գավաթների մեջ մի թշնամի թույն ածե՝ նրանք արծաթյա խնձորների նման են դառնում։ Մի սաթազարդ արկղում ես ունեմ երկու սանդալ, որ ապակիով են պատած։ Ես ունեմ վերնազգեստներ Սեռացոց երկրներից և ապարանջաններ կարմիր հակինթներով զարդարված և հասմկաքարերով, որ Եփրատ քաղաքից են բերում… վերջապես ի՞նչ ես ուզում, Սալոմե՛։ Ասա՛ ինձ, ի՞նչ ես ցանկանում՝ և ես կտամ քեզ։ Ես քեզ կտամ բոլորը, ինչ և կամենաս, բացի միայն մի բանից։ Ես քեզ կտամ ամեն ինչ, որ կարող եմ, բացի մի կյանքից։ Ես քեզ կտամ քահանայապետի վերարկուն։ Ես քեզ սրբարանի վարագույրը կտամ։

ՀՐԵԱՆԵՐ. Օ՜հ, օ՜հ…

ՍԱԼՈՄԵ. Տուր ինձ Յոքանաանի գլուխը։

ՀԵՐՈՎԴ (իր աթոռի մեջ ընկղմվելով). Տվեք սրան, ինչ որ պահանջում է։ Իրավ որ իր մոր դուստրն է սա։ (Առաջին զինվորը մոտենում է: Հերովդիադան հանում է տետրարքի մատից մահվան մատանին և տալիս է զինվորին, որն անմիջապես տանում է այն դահիճին: Դահիճը զարհուրած մարդու կերպարանք ունի): Ո՞վ վերցրեց իմ մատանին։ Իմ աջ ձեռքին մի մատանի կար։ Ո՞վ խմեց իմ գինին։ Իմ գավաթում գինի կար, գինով լիքն էր իմ գավաթը։ Մեկը խմեց այն։ Օ՜, ես հավատացած եմ, որ մեկին դժբախտություն պիտի պատահի։ (Դահիճը ջրհորն է իջնում): Ա՜հ, ինչո՞ւ ես խոսք տվի։ Թագավորները երբեք խոսք չպիտի տան։ Եթե նրանք իրանց խոսքը չեն պահում սարսափելի է, եթե պահում են՝ նույնպես սարսափելի է։

ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Իմ կարծիքով դուստրս լավ վարվեց։

ՀԵՐՈՎԴ. Ես համոզված եմ, որ մի դժբախտություն պիտի գա:

ՍԱԼՈՄԵ (թեքվում է դեպի ջրհորն ու ականջ է դնում). Ոչ մի ձայն չկա: Ես ոչինչ չեմ լսում։ Ինչպես է, որ չի ճչում նա, այդ մարդը։ Ա՜հ, եթե մեկն ուզենար ինձ սպանել ես կճչայի, կմաքառեի, չէի ուզենա տանջվել։ Զա՛րկ, զա՛րկ, Նաաման։ Զա՛րկ, ասում եմ քեզ… Ո՛չ, ես ոչինչ չեմ լսում։ Մի դժնի լռություն է տիրում այնտեղ։ Ա՜հ, մի բան գետին ընկավ։ Ես լսեցի, մի բան ընկավ։ Դահճի սուրն էր այդ։ Նա վախենում