Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/253

Այս էջը հաստատված է

մեռած ես, և քո գլուխն ինձ է պատկանում։ Եվ ինչ կամենամ, կարող եմ անել։ Ես կարող եմ քո գլուխը շներին նետել, նետել օդի թռչուններին։ Ա՜յն, ինչ կթողնեն շները, կուտեն օդի թռչունները։ Ա՛հ, Յոքանաան, Յոքանաան, դու միակ մարդն էիր, որին ես սիրում էի։ Մնացած բոլոր մարդիկ զզվանք են ներշնչում ինձ։ Բայց դու, դու գեղեցիկ էիր։ Քո մարմինը փղոսկրյա մի սյուն էր արծաթյա պատվանդանի վրա։ Նա մի այգի էր լի աղավնիներով և արծաթյա շուշաններով։ Նա արծաթյա մի աշտարակ էր փղոսկրյա վահաններով զարդարված։ Աշխարհում չկար ոչինչ, որ ավելի սպիտակ լիներ, քան քո մարմինը։ Աշխարհում չկար ոչինչ, որ այնպես սև լիներ, որպես քո մազերը։ Աշխարհում չկար ոչինչ, որ այնպես կարմիր լիներ, ինչպես քո բերանը։ Քո ձայնը մի բուրվառ էր, որ արտասովոր բուրմունք էր սփռում, և երբ ես լսում էի քեզ, մի արտասովոր երաժշտություն էի լսում։ Ա՜հ, ինչո՞ւ դու ինձ չնայեցիր, Յոքանաան։ Քո ձեռների և հայհոյանքների ետևը պահեցիր դու քո դեմքը։ Դու քո աչքերը կապեցիր այն մարդու կապով, որն ուզում է իր Աստծուն տեսնել։ Եվ ահա դու տեսար նրան, քո Աստծուն, Յոքանաան, բայց ի՜նձ, ինձ դու երբեք չտեսար։ Եթե տեսնեիր ինձ—կսիրեիր դու։ Ես, ես քեզ տեսա, Յոքանաան, և սիրեցի քեզ։ 0՜հ, ինչպես սիրեցի ես քեզ։ Ես դարձյալ դեռ սիրում եմ քեզ, Յոքանաան: Ես ոչ ոքի չեմ սիրում, բացի քեզնից… Ես ծարավ եմ քո գեղեցկության։ Ես քաղցած եմ քո մարմնին։ Եվ ոչ գինին, ոչ պտուղները չեն կարող հագեցնել իմ ցանկությունը։ Ի՞նչ անեմ հիմա, Յոքանաան։ Ոչ գետերը, ոչ մեծագույն ջրերը չեն կարող հագեցնել իմ ցանկությունը։ Ես մի արքայադուստր էի, և դու ինձ մերժեցիր։ Ես մի կույս էի, և դու զրկեցիր ինձ կուսությունիցս։ Ես ողջախոհ էի, և դու հուր լցրիր իմ երակների մեջ։ Ա՜հ, ա՜հ, ինչո՞ւ դու չտեսար ինձ, Յոքանաան։ Եթե դու տեսնեիր ինձ կսիրեիր։ Ես լավ գիտեմ, որ կսիրեիր ինձ և սիրո խորհուրդն ավելի մեծ է, քան մահվան խորհուրդը։ Միայն սիրո վրա պետք է նայել։

ՀԵՐՈՎԴ. Նա հրեշավոր է, քո դուստրը, նա բոլորովին հրեշ է։ Նրա արածը մեծ մեղք է։ Ես համոզված եմ, որ դա մեծ մեղք է անհայտ Աստծո դեմ։