Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/259

Այս էջը հաստատված է

Ահա նրա աչքերը, որոնց բոցը ճեղքում է մութը, նրա քնքուշ ու ահավոր աչքերը, որ ճանաչեցի ես իրանց զարհուրելի նենգությունից:

Նրանք ձգում են, նրանք գերում են, նրանք կլանում են իրանց մեջ նայող խենթին։ Ես անդադար ուսումնասիրում էի այդ երկու սև աստղը, որ հետաքրքրություն ու զմայլանք են ներշնչում։

Արդյոք ո՞ր բարեհոգի դևն է շրջապատել ինձ այս խորհրրդավորությամբ, լռությամբ, խաղաղությամբ ու բուրմունքով:

0՜, երանությո՜ւն։

Ա՜յն, ինչ որ մենք սովորաբար կյանք ենք անվանում, իր երջանկալի զեղման ժամին իսկ չի կարող հեռավոր կերպով նմանվել այն գերագույն կյանքին, որ ճանաչեցի ես այժմ, որ վայելում եմ ահա րոպե առ րոպե, վայրկյան առ վայրկյան։

Ո՛չ, այլևս չկա րոպե, չկա այլևս վայրկյան — ժամանակը չքացել է և սա հավերժությունն է, երանության հավերժությունը։ Բայց ահա մի ահեղ հարված իջավ դռանս, մի ծանր հարված ու կարծես դժոխային մի երազ է սա, կարծես բրիչով իմ կուրծքն են ծեծում:

Եվ ահա ներս է մտնում մի Ուրվական։

Դատական պաշտոնյա է դա, որ գալիս է օրենքի անունով ինձ տանջելու, անարգ մի հարճ է, որ գալիս է ողբացին աղաղակելու և իր կյանքի գռեհկությունն իմ վշտին խառնելու, կամ գուցե խմբագրական մի սուրհանդակ է, որ ձեռագրիս շարունակությունն ուզելու է գալիս։

Դրախտային սենյակը, Կուռքը, երազների թագուհին, Սիլֆիդը, ինչպես կասեր մեծ Ռընեն, ամբողջ մոգությունը չքացավ Ուրվականի մի վայրի հարվածով։

Սոսկո՜ւմ… Ես ուշքի եկա, մտաբերեցի, այո՛, աղտեղի այս խուցը, դժոխային տաղտկության բնակավայրն է սա, և դա իմ բնակարանն է։

Ահա անմիտ կարասին` փոշեպատ, կոտրտված, վառարանն անբոց ու անկայծ, թքոտ ու մրոտ, ահա տրտում լուսամուտներս, ուր անձրևն ակոսներ է գծել փոշեպատ ապակիների վրա, ահա խզբզած, թափթփված ձեռագիրներս, ահա օրացույցը, ուր մատիտով նշանված են պայմանված, չարագույժ օրերը։