կրողի լանջին և իր առասպելական գլուխը կրողի ուսերից վեր էր բարձրանում, որպես այն սոսկալի սաղավարտը, որով հնադարյան զինվորները սարսափ էին ուզում ներշնչել իրանց թշնամիներին:
Ես դիմեցի այդ մարդկանցից մեկին ու հարցրի, թե ուր են գնում իրանք: Նա պատասխանեց, որ իրանք ոչինչ չգիտեն՝ ոչ ինքը, ոչ մյուսները, բայց որ, ըստ երևույթին, նրանք մի տեղ գնում են, քանի որ նրանց առաջ է մղում անհաղթ մի զորություն:
Զարմա՜նք որ այդ ճամփորդներից ոչ մեկ դժգոհություն չէր արտահայտում այն ահեռլի կենդանու դեմ, որ կախվել էր նրանց վզից, կպել նրանց մեջքին - ասես թե իրենց էության մի մասը լիներ:
Այդ հոգնած ու լուրջ դեմքերից ոչ մեկի վրա չկար վհատության որևէ նշույլ:
Երկնի թախծալի կամարի տակ, ոտքերը փոշում թաղած, գնում էին նրանք այդ երկնի նման ամայի երկրում, գնում էին խոնարհ, հուսալի դատապարտվածների նման:
Եվ նրանց բազմությունն անցավ իմ մոտով որ կորավ հեռավոր հորիզոնում, այնտեղ, որ երկրի մակերևույթը կլանում է և մարդու հետաքրքիր հայացքից:
Մի պահ ճգնեցի ես պարզել ու ըմբռնել այդ հանելուկը, բայց ահա անդիմադրելի անտարբերություն իջավ վրաս ու ճնշեց ինձ իր ծանրության տակ առավել, քան այս մարդկանց էին ճնշում իրենց Քիմեռները:
7 ԽԵՆԹՆ Ու ՎԵՆԵՐԱՆ
Ի՜նչ զմայլելի օր է… Ահագին պուրակը թալկանում է վառվռուն շողերի տակ, որպես պատանություն է թալականում Սիրո տիրապետության ներքո:
Ամեն ինչ էքստազի մեջ է, բայց դա անհնչյուն մի էքստազ է: Ջրերն իսկ կարծես նիրհում են: Դա լռին մի օրգիա է, որ բնավ նման չէ մարդկանց աղմկալի խնջույքներին: