Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/262

Այս էջը հաստատված է

Թվում է թե լույսը քանի գնում ավելի ու ավելի առատ է սկսում թափվել և քանի գնում ավելի պայծառ են ցոլում իրերը, որ արբած ծաղիկները ցոլում են ու իրանց բազմափայլ երանգներով լազուրի փայլի հետ մրցել են ուզում և կարծես ջերմությունից տեսանելի են դարձել նրանց բույրերը, որ ծուխերի նման դեպի աստղերն են բարձրանում։

Բայց ընդհանուր այս բերկրանքի մեջ ես ցավագար մի էակ նշմարեցի։ Հսկայական Վեներայի տակ կանգնած էր մեկն ապուշ ձևացնողներից, մեկը նրանցից, որոնք հանձնառու են լինում զվարճացնելու թագավորներին, երբ սրանց ճնշում է Զղջում կամ Թախիծ։

Փայլուն ու ծաղրաշարժ հագուստով, գլուխը եղջյուրներով ու բոժոժներով զարդարած, նա կուչ էր եկել արձանի պատվանդանի առաջ՝ արտասվալից աչքերն անմահ Դիցուհուն հառած:

Եվ այդ աչքերն ասում են ես մարդկանց մեջ ամենահետինն եմ և ամենից մենավորը, զրկված սիրուց ու բարեկամությունից և ավելի թշվառ, քան ամենաողորմելի անասունը. բայց ես էլ ստեղծված եմ անմահ Գեղեցիկն զգալու և ըմբռնելու: Ա՛հ, Դիցուհի, գթա վշտիս, ցավագին ցնորքիս։

Սակայն անողոք Վեներան իր մարմար հայացքը ուղղել էր չգիտեմ դեպի ուր։


8 ՇՈԻՆՆ ՈԻ ՍՐՎԱԿԸ

Իմ սիրուն շուն, բարի շունս, իմ սիրելի շնիկ, մոտ եկ, հոտ քաշիրր այս անուշահոտ ջրից, որը քաղաքիս ամենապատվական պարֆյումերից եմ գնել։

Եվ շունը պոչը թափ տալով, որ ըստ իս այդ թշվառ արարածների ծիծաղի կամ ժպիտի նշանն է, մոտեցավ ու իր խոնավ դունչը հետաքրքրությամբ հպեց սրվակի բերնին, ապա հանկարծ ահով ետ֊ետ քաշվեց ու սկսեց վրաս հաչել, ասես թե կշտամբելիս լիներ ինձ։

Ա՜հ, թշվառական շուն, եթե ես ձեզ մի կույտ աղբ առաջարկեի, դուք հաճույքով պիտի հոտոտեիք այն, անգամ գուցե խժռեիք այն։