Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/265

Այս էջը հաստատված է

բավական չարչարանք պիտի կրե, որպեսզի վեր բարձրանա, իր փխրուն բեռի անկյունները շարունակ պատերին խփելով։

Վերջապես նա եկավ։

Ես հետաքրքրությամբ զննեցի նրա բոլոր ապակիներն ու ասացի.

—Ինչպե՞ս, դուք չունեք գունավոր ապակինե՞ր` վարդագույն, կարմիր, կապույտ, կախարդական, դրախտային ապակինե՞ր։ Որքա՜ն անամոթ եք դուք։ Եվ դուք համարձակվում եք շրջել խեղճերի փողոցներում, երբ չունեք ապակիներ, որ կյանքն ավելի գեղեցիկ ցույց տան… Ես արագ ցած հրեցի նրան սանդուղքից, և նա մրթմրթալով ու քնթարելով իջավ ներքև։

Ես պատշգամբ ելա, վերցրի փոքրիկ կավե ծաղկամանը, և երբ ապակեգործը երևաց դռան մոտ, ուղիղ ցած նետեցի կավե ռումբս, որ նրա շալկոցի ծայրին դիպավ։ Հարվածս վայր գլորեց նրան ու իր թիկունքի տակ փշուր֊փշուր արեց նրա ամբողջ աղքատիկ կարողությունը, որ ցանուցիր եղավ խլացուցիչ աղմուկով` նման բյուրեղյա ապարանքի, որ փշրվում է կայծակի հարվածից:

— Կյանքը գեղեցիկ, գեղեցիկ թող երևա կյանքը։

Բայց տյդ նյարդային կատակներն անվտանգ չեն և հաճախ աժան չեն նստում։ Սակայն փույթ չէ հավերժական անեծքը նրանց համար, ով մի ակնթարթում գտնում է վայելքի համայն անեզրությունը։

10 ԳԻՇԵՐՎԱ ՄԵԿ ԺԱՄԻՆ

Վերջապես մենակ եմ։ Չի լսվում ոչինչ, բացի փողոցով մերթ ընդ մերթ անցնող ուշացած ու հոգնած կառքերի դղրդյունը:

Վերջապես կարող եմ ես այժմ մի քանի ժամ եթե ոչ հանգստություն, գեթ խաղաղություն վայելել։

Չքացավ վերջապես մարդկային դեմքի բռնությունը և եթե պիտի տանջվեմ, ինքս ինձ կտանջվեմ։

Վերջապես կարող եմ ես խավարի ավազանն ընկղմվել։

Բայց նախ բանալիի երկու պտույտ փականքում։

Ինձ թվում է, որ բանալիի այդ երկու պտույտը մենությունս կավելացնեն և կամրապնդեն ինձ աշխարհից բաժանող պատնեշները։