Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/266

Այս էջը հաստատված է

Սոսկալի՜ կյանք, սոսկալի քաղաք։

Մտաբերենք մեր անցկացրած օրը։

Տեսնվեցի մի շարք գրականների հետ, որոնցից մեկն ինձ հարց տվեց, թե կարելի՞ է արդյոք ցամաքով Ռուսիա գնալ (երևի նա կարծում է, որ Ռուսիան կղզի է) Ապա ես համարձակ վիճում էի մի խմբագրի հետ, որն ամեն մի առարկությանս պատասխանում էր, որ իրանց խմբակցությունը ազնիվ մարդկանց խմբակցություն է, երևի ակնարկելով, որ մյուս թերթերի խմբագիրները խաբեբաներ են։ Բարևեցի ես մի քսան մարդու, որոնցից տասնհինգն ինձ անծանոթ էին։ Սեղմեցի նույնքան ձեռք, առանց նախօրոք զգուշության համար ձեռնոց անցնելու: Երբ անձրև էր, ժամանակ վատնելու համար գնացի մի կաքավչուհու մոտ, որը խնդրեց ինձ, որ իր համար նկարեմ «Վենյուստրայի» զգեստը։ Ապա մի թատրոնի դիրեկտորի ետքից էի ընկել, և նա ինձ ճանապարհ դրեց հետևյալ խոսքերով. «Ինձ մնա` լավ կանեք, որ դիմեք Z-ին, դա իմ հեղինակներից ամենաձանձրալին, ամենահիմարն ու ամենահռչակավորն է, գուցե նրա հետ մի բան գլուխ բերեք: Տեսնվեցեք նրա հետ, ապա եկեք` կնայենք»։ Ես պարծենում էի (ինչո՞ւ) շատ տգեղ արարքներով, որ բնավ չէի կատարել և վատորեն ժխտում մի քանի փոքրիկ կեղտոտություններ, որ կատարել էի ուրախությամբ անձնագովության տենչից, կամ ակնածելով մարդկանց դատաստանից։ Բարեկամներիցս մեկին մերժեցի մի չնչին ծառայություն, մինչ դեռ երաշխավոր եղա մի կատարյալ խաբեբայի համար։ Ո՜ւֆ։

Մի՜թե սա է բոլորը։

Դժգոհ ամենքից և ինքս ինձնից` ինչպե՜ս կուզեի ես մի փոքր մաքրվել, հոգով վերանալ գիշերի այս մենավոր խաղաղության ու լռության մեջ։ Դուք, իմ սիրած մարդկանց հոգիներ, ում ես երգել եմ, օգնեցե՛ք ինձ, վանեցեք ինձնից ստությունը, ապականիչ գոլորշիները։

Եվ դու, Տեր Աստված, ողորմիր ինձ, թույլ տուր, որ գրեմ մի քանի գեղեցիկ ոտանավորներ, որոնցից երևա, որ ես աշխարհիս ամենաետին մարդը չեմ, որ ես ավելի ստոր չեմ, քան նրանք, որոնց արհամարհում եմ ես։