Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/270

Այս էջը հաստատված է

ամբոխը, որ հասարակական համերգների ժամին խռնվում է պարիսպների շուրջը։

Օրկեստրը նետում է դեպի գիշերային խավարը ցնծության, հեշտանքի և հաղթանակի հնչյուններ։ Հայելիների մեջ ցոլում են զգեստները, հայացքներն իրար են հանդիպում, անգործությունից հոգնած պարապորդները շրջում են և այնպես են ձևացնում, իբր թե անհոգ ծուլությամբ երաժշտություն են լսում։ Այստեղ ողջը հարստություն է և երջանկություն, չկա ոչինչ, որ կյանքի վայելքին անձնատուր լինելու ցնծագին անհոգությամբ շշնչե, բացի այն սև ամբոխից, որ շրջապատել է ցանկապատն ու խլում է քամու հրնչյունները, դիտելով ներսի հրավառ հնոցը։

Միշտ հետաքրքրական է նայել, թե ինչպես է արտացոլում հարուստի ուրախությունն աղքատի աչքերի խորքում։ Բայց այսօր այդ բլուզ ու չիթ հագած ամբոխի մեջ ես նկատեցի մի էակ, որի ազնվությունը շրջապատի գռեհկության փայլուն հակապատկերն էր։

Դա բարձրահասակ վեհաշուք մի կին էր և իր բովանդակ տեսքն այնպիսի մի ազնվություն էր արտահայտում, որպիսին ես չեմ հիշում, որ տեսած լինեմ անգամ անցյալի ազնվազարմ գեղուհիների շարքում։

Նրա ողջ անձնավորությունը գոռոզ առաքինության կնիքն էր կրում: նրա տրտում ու վտիտ դեմքը միանգամայն համապատասխան էր իր հագի սգահանդերձին։ Նա ևս որպես այն ամբոխը, որին նա խառնվել էր, ներս էր նայում խոր հայացքով դեպի լուսավառ աշխարհը և դանդաղ օրորում էր գլուխը։

Անզուգակա՜ն տեսիլ։ «Անտարակույս, ասի ինքս ինձ, այդ չքավորության մեջ անգամ, եթե կա այդտեղ չքավորություն, չպետք է թույլատրել այդօրինակ զազիր խնայողություն, ապա ուրեմն ինչո՞ւ է կամավ մնում նա այդ շրջանում, ուր նա ցոլում է, որպես պայծառ մի բիծ)։ Սակայն, երբ հետաքրքիր անցա ես նրա մոտով, ինձ թվաց, որ գտա դրա պատճառը։ Բարձրահասակ այրին բռնել էր իր նույնպես սևազգեստ մանկան ձեռքից։ Որքան և քիչ լիներ մուտքի վճարը, սակայն չէ՞ որ այդ փողով կարելի էր հոգալ այդ մանկան որևէ կարիքը, կամ թեկուզ կատարել նրա քմահաճույքը, ծախսել այդ փողը մի խաղալիքի վրա։