Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/276

Այս էջը հաստատված է

Ցանկապատի մյուս կողմը, ճանապարհի վրա, եղիճի ու փշերի մեջ մի ուրիշ մանուկ կար՝ կեղտոտ, մրոտ, վտիտ, մեկն այն պարիա-մանուկներից, որոնց մեջ անաչառ հայացքը կգտնի գեղեցկություն, եթե միայն մտոք քերե նրա վրայից խեղճության զզվելի ժանգը՝ նման հմուտ արվեստագետին, որ կոպիտ լաքի տակ գուշակում է իդեալական մի նկար:

Երկու աշխարհ՝ մեծ ճանապարհն ու դղյակն իրարից զատող այդ սիմբոլիկ ցանկապատի արանքից չքավոր մանուկը ցույց է տալիս հարուստ մանկան իր սեփական խաղալիքը, որն ագահորեն զննում էր հարուստ մանուկը, կարծես մի հազվագյուտ ու չտեսնըված բան լիներ դա:

Իսկ այդ խաղալիքը, որ չքավոր մանուկը վեր ու վար էր գցում վանդակի մեջ, որով նա հրապուրել էր հարուստ մանկան, ոչ այլ ինչ էր, բայց եթե մի կենդանի մուկ:

Անշուշտ ծնողները խնայողության նկատումներով էին խլել կենդանի կյանքից այդ խաղալիքը:

Եվ երկու մանուկն էլ մեկտեղ եղբայրաբար ծիծաղում էին և նրանց ատամները հավասար սպիտակությամբ էին փայլում:


17 ԻՐԻԿՎԱ ՄԹՆՇԱՂԸ

Ցերեկը հանգչում է: Մի մեծ անդորրություն է իջնում օրվա աշխատանքից խոնջացած խեղճ հոգիներում և նրանց մտորումները մթնշաղի քնքուշ ու անորոշ գույներով են ներկվում: Բայց ահա լեռնածայրից իրիկվա թափանցիկ ամպերի միջով մի ոռոնց է հասնում իմ պատշգամբին: Դա ճիչերի աններդաշնակ մի ժխոր է, որ հեռավորության վրա սգահնչուն մի ներդաշնակության ձև է ընդունում, նմանվելով ծովի մակընթացության կամ զարթնող փոթորկի աղմուկին:

Ո՞վ են այն անբախտները, որոնց երեկոն իսկ հանգիստ չի բերում, որոնք բուերի նման իջնող երեկոն ընդունում են իբրև շաբաշի ազդանշան:

Այդ չարաշշուկ ոռնոցը սարի ծայրին թառած հիվանդանոցից է գալիս: