Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/277

Այս էջը հաստատված է

Եվ ամեն երեկո, երբ ես ծխում եմ ու հափշտակված դիտում անեզր ոլ խաղաղ դաշտավայրը, ուր անթիվ տնակներ են ցրված, որոնց պատուհանները կարծես ասելիս լինեն` «ահա այստեղ է խաղաղությունը, այստեղ է ընտանեկան ուրախությունը», այդ ժամին, երբ հողմը փշե սարի կողմից, ես կարող եմ օրորել միտքս դժոխային ներդաշնակության նմանությամբ։

Մթնշաղը գրգռում է խենթերին։

Մտաբերում եմ իմ երկու բարեկամին, որոնց մթնշաղը կատարելապես հիվանդացնում էր։ Դրանցից մեկն այդ պահին մտահան էր անում ամեն բարեկամական ու քաղաքավարական նկատում և վայրենու պես հարձակվում էր առաջին եկողի վրա։ Տեսել եմ ինչպես նա մետրդոտելի երեսովն է տվել հրաշալի ճուտը, որի մեջ նա ինչ֊որ իրան վիրավորող ծածկագիր էր տեսել։ Երեկոն, որ խոր հեշտանքների կարապետն է, թունավորում էր նրա համար ամեն հրապուրանք։

Մյուսը, որ պատվասիրության հիվանդն էր, քանի երեկոն մոտենում էր, այնքան ինքը մռայլ, թթու և նեղսիրտ էր դառնում։ նա, որ ցերեկն ընկերասեր էր և քաղցրաբարո, երեկոներին դառնում էր անողորմ ու անկարեկիր։ Եվ միայն ուրիշների վրա չէր, որ թափում էր իր մթնշաղային ցասումի մանիան, այլ և իրա։

Սրանցից առաջինը մեռավ խելագար դրության մեջ առանց իր կնոջն ու զավակին ճանաչելու, իսկ երկրորդն իր մեջ մշտական հիվանդության արհավիրքն էր կրում և եթե պարգևեին նրան բոլոր պատվանշաններն ու աստիճանները, որ կարող են տալ իշխաններն ու հանրապետությունները, ինձ թվում է, իրիկվա մթընշաղը դարձյալ պիտի վառեր նրա մեջ երևակայական պատվանշանների տենչը։ Գիշերը, որ խավար է լցնում նրանց հոգու մեջ, իմում լույսեր է վառում, և թեպետ սակավ չի պատահում, որ միևնույն պատճառը երկու տարբեր հետևանք ծնի, սակայն դա ինձ շփոթի ու տագնապի մեջ է գցում միշտ։

0՜, գիշեր։ օ՜ զովարար մութ, դուք ինձ համար մի ներքին տոնի ազդանշան եք, դուք ազատում եք ինձ սրտամաշ տաղտկությունից։ Դաշտերի ամայության մեջ և մայրաքաղաքի քարե լաբիրինթում աստղերի ցոլքե՛ր և լապտերների բոցե՛ր, դուք ազատության դիցուհու կախարդական կրակներն եք ինձ համար։