Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/282

Այս էջը հաստատված է

էր բռնել, իսկ մյուսին նա գիրկն էր առել, որովհետև այդ փոքրիկ՝ էակը դեռ շատ էր թույլ, որպեսզի կարողանար ման գալ։ Այդ մարդն իր երեխաների համար նաժիշտ էր դարձել և դուրս էր բերել նրանց իրիկվա զբոսանքի։ Երեքն էլ ցնցոտիներ էին հագած։ Երեքի դեմքն էլ արտակարգ լրջություն էր արտահայտում և վեց աչքերն էլ նոր կաֆեն էին զննում հավասար հիացմունքով, որը սակայն նուրբ տարբերություններ ուներ ըստ նրանց տարբեր հասակների:

Հոր աչքերն ասում էին. «ինչ գեղեցի՜կ է, ինչ սիրո՜ւն, կարծես բոլոր չքավորների ոսկին եկել է այս պատերը զարդարելու»:

Փոքրիկ տղայի աչքերը՝ «ինչ գեղեցի՜կ է, ինչ սիրո՜ւն, բայց այս տունը կարող են մտնել միայն այն մարդիկ, որոնք մեզ նման չեն»։ Իսկ ամենափոքրի աչքերը՝ նրանք այնպես էին դյութված, որ չէին կարող արտահայտել մի այլ բան, բացի խոր և անմիտ ուրախությունից։

Երգիչներն ասում են, որ խնդումը բարի է դարձնում հոգին և փափկացնում է սիրտը։ Եվ դա ուղիղ դուրս եկավ իմ նկատմամբ այն երեկո։

Ոչ միայն սիրտս շարժեց աչքերի այդ ընտանիքը, այլ ես մի քիչ ամոթ իսկ զգացի մեր բաժակների և շշերի համար, որոնք ավելի մեծ էին, քան մեր ծարավը։ Ես հայացքս դեպի ձերը դարձրին անգին իմ սեր, որ այնտեղ իմ միտքը կարդամ, ես ընկղմվեցի ձեր այնքան գեղեցիկ և այնքան անուշ, ձեր կանաչ աչքերի մեջ, ձեր լուսնից կախարդված աչքերի մեջ, ուր քմահաճույքն է բնակված, երբ դուք ասիք ինձ. «այդ մարդիկ անտանելի են իրանը դարբասների նման լայն բաց արած աչքերով, արդյոք չէի՞ք կարող խնդրել կաֆեի տիրոջը, որ նրանց հեռացներ այստեղից»։

Ահա թե որքան դժվար է միմյանց հասկանալը, անգին իմ հրեշտակ, և որքան անհաղորդելի է միտքը նույնիսկ այն մարդկանց մեջ, որոնք միմյանց սիրում են։

21 ԱՐԲԵՔ

Միշտ պետք է արբած լինել։ Դա՛ է կարևորր, միակ խնդիրը դա է։ Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է