Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/29

Այս էջը հաստատված է

23

Մթնում է միգում արևն իմ բորբոք,
Սուզվում եմ անզոր խավարից֊ խավար,
Բայց քո սուրբ սիրո հրահրումն անմար
Կըփրկե հոգիս մթնում անողոք։
Անծիր բարությամբ, որպես անոխ մայր,
Ներել ես սրտիս անկումներն անօգ,
Սիրել ես, որպես անբախտ ու անհոգ
Քո մանկան — հոգիս օրերում դժվար։
Դու չէի՞ր արդյոք, քո դառնության մեջ,
Երբ սրտիս իջավ ստվերն ահարկու —
Մեղմ փարատեցիր վարանում ու վեճ,
Որպես արեգակ մթնում իմ հոգու,
Ու որպես կնիք անեղծ ու անջինջ —
Դրիր իմ սրտում անունը քո ջինջ։