Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/297

Այս էջը հաստատված է

8

ՇԼԵԶՎԻԳԻ ՋՈՒԼՀԱԿՆԵՐԸ

Մթին աչքերում արտասուք չըկա,–
Նստած դժնադեմ գործում են նոքա․
Գերմա՛նիա, մենք քեզ պատան ենք գործում,
Թունոտ ու քինոտ անեծքով լեցուն
Գործում ենք, գործում…

Անե՛ծք աստըծուն, ում սովում անճար
Աղոթել ենք մենք անտուն ու թշվառ,
Ում զո՛ւր ենք կանչել, զո՛ւր ենք սպասել,–
Նա մեզ ծաղրե՛լ է, երբեք չի լսել․
Գործում ենք, գործում…

Անե՛ծք արքային ունևորների,
Նա անգութ ու չար՝ մենք ընդմիշտ գերի․–
Նա մեզնից վերջին կոպեկն է կորզում,–
Թագավորը մեր արյունն է ծծում․
Գործում ենք, գործում…

Անե՛ծք կեղծ ու սուտ հայրենիք և քե՛զ,
Ամոթանքի և գարշության կրկես,
Ուր ամեն ծաղիկ վաղ է թառամում,
Ուր ծուլությունն ու որճիրն է սնվում,
Գործում ենք, գործում…

Անվերջ, անընդհատ մաքոքն է ցատկում,
Գործում ենք անդուլ, անդադար, անքուն,
Գերմա՛նիա մենք քեզ պատան ենք գործում,
Թունոտ ու քինոտ անեծքով լեցուն
Գործում ենք, գործում…